«Գազպրոմ Արմենիա»–ն պարզաբանել է մամուլում այսօր շրջանառվող տեղեկությունը, ըստ որի, «Գազպրոմ Արմենիայի» առաջիկա 3 տարիների ներդրումային ծրագրից ակնհայտ է դառնում, որ 2018 թվականին գազի սակագինը կրկին բարձրացնելու կարիք կառաջանա, քանի որ 2018թ. համար նախատեսվում է 18 միլիարդ դրամի ներդրում անել (2017-ին նախատեսված է 13.6 միլիարդ դրամի ), ինչը պետք է ներառվի սակագնի մեջ։ Ընկերության պարզաբանման մեջ ասվում է, որ Գազի սակագինը չի բարձրանա, քանի որ արդեն իջեցված սակագնով` հաշվի են առնվել բոլոր ներդրումները։
Ստորև ներկայացնում ենք «Գազպրոմ Արմենիայի» մամուլի ծառայության տրամադրած պարզաբանումը։
««2018-ից գազի սակագինը չի բարձրանա, քանի որ արդեն իջեցված սակագնի հայտով` հաշվի են առնվալ նաև այդ բոլոր ներդրումները: Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2017-2019 թթ. ներդրումային ծրագիրը սահմանված կարգով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացվել էր դեռևս 2016թ. հոկտեմբերի 15-ին: Հանձնաժողովի հետ նախնական քննարկումների արդյունքում ծրագիրը փոփոխությունների չի ենթարկվել: Ներդրումային ծրագրի նպատակն է՝ գազափոխադրման և գազաբաշխման համակարգերում ապահովել անխափան, հուսալի և անվտանգ գազամատակարարում անհրաժեշտ միջոցառումների իրականացմանն ուղղված կապիտալ ներդրումների միջոցով: Բնական գազի սակագների վերանայման հայտով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀԾԿՀ-ին դիմել էր նոյեմբերի 1-ին, ընդ որում ընկերությունը հաշվի է առել նաև Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացված 2017-2019 թթ. ներդրումային ծրագրով նախատեսվող ներդրումները»: