«Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը քիչ առաջ ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե դիրքերում լարված է.

«Դիրքերում լարված է: 3-րդ պաշտպանականում` Մարտունու ուղղությամբ կան վիրավորներ: Հարվածել են մինամյոտով»,- մասնավորապես, գրել է նա:

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հետ: Նա մեր զրույցում ասաց, որ եթե նման տեղեկություն լինի իրենց պաշտոնական կայքում կլինի: Ճշտող հարցին, այսինքն՝ վիրավորներ չկա՞ն, Հասրաթյանն ասաց. «Հեռախոսով չեմ մեկնաբանում նման տեղեկություն»:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. «Ապատեղեկատվություն է, չկա նման բան»,- ասաց Հովհաննիսյանը:

Րոպեներ առաջ Սյուզան Սիմոնյանը թարմացրեց իր գրառումը.

«Ինձ հայտնի է դեռ միայն երկու վիրավորի անուն՝ Պողոսյան Գագիկ Վալերիկի, 1984թ., Գրիգորյան Քաջիկ Զախարի, 1993թ.Մարտունու ուղղությամբ կան վիրավորներ»: