ԼՂՀ Մարտունու շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի վերջին միջադեպից հետո Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխված պայմանագրային զինծառայողի վիճակը միջին ծանրության է, նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է, գիտակցությունը տեղն է, բացասական փոփոխություն չկա:
Մեզ հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ այս տեղեկությունը քիչ առաջ ստացել է հենց հոսպիտալից:
Նշենք, որ երեկ լրատվամիջոցները տեղեկացրել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ տեղափոխված վիրավոր զինծառայողը Արցախի Աշան գյուղի բնակիչ 32-ամյա Գագիկ Պողոսյանն է։
Ռուբեն Մելիքյանը երեկ գիշեր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է այցելել: «Հերթապահ բժիշկն ասաց՝ թոքի բեկորային վնասվածք էր ստացել: Հավաստիացրին, որ կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Մելիքյանը:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ հոսպիտալ այցելելուց հետո ֆեյսբուքյան գրառում էր արել, որ դեկտեմբերի 1-ին նոր վիրավորներ չեն եղել հոսպիտալում ու սահմանների երկայնքով մարտեր չկան:
Նշենք, որ ևս 2 վիրավոր զինծառայողներ նոյեմբերի 30-ին տեղափոխվել են «Մուրացան» հոսպիտալ և «Մուրացան» հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը Tert.am-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հոսպիտալից իրենց մոտ են տեղափոխվել պայմանագրային զինծառայող 24-ամյա Քաջիկ Բադալյանը և ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը, որոնց վիճակը կայուն ծանր է՝ կյանքին սպառնացող վտանգով:
Հիշեցնենք, որ ըստ ՊԲ հաղորդագրության՝ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը շփման գծի արևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (10 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ): ԼՂՀ ՊՆ–ն որևէ տեղեկություն չի տրամադրում, թե որտեղ և ինչ հանգամանքներում են նշված քաղաքացիներն ստացել հրազենային վնասվածքները։