Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում սկիզբ առած տնտեսական ճգնաժամի ու ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի կտրուկ արժեզրկման համար մեղադրել է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ենթադրյալ կազմակերպիչ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա թիմակիցներին: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանը հայտարարել է, թե նրանք, ովքեր չկարողացան իրենց նպատակներն ի կատար ածել ռազմական հեղաշրջման միջոցով, այժմ այս ձևով են փորձում ծնկի բերել Թուրքիան:
«Վստահ եմ, բոլորդ էլ տեղյակ եք հուլիսի 15-ից հետո մեր երկրում և հատկապես տնտեսության մեջ տեղի ունեցող խաղին, որը փորձում են բեմականացնել»,- ասել է Էրդողանը:
Նախագահը ևս մեկ անգամ կոչ է արել քաղաքացիներին ԱՄՆ դոլարի դիմաց մեծ քանակությամբ թուրքական լիրա գնել և թուրք գործարարներից պահանջել է իրենց գործարքներն այսուհետ կատարել միմիայն թուրքական լիրայի միջոցով:
«Մեկին հարցրի, ասացի «Նա (գործարարի նկատի ունի-Tert.am) այստեղ առևտրի կենտրոն ուներ, ինչո՞վ է կատարում գործարքը»: Ասացին՝ դոլարով: Ասացի օգնականիս, որ զանգահարի նրան: Քիչ առաջ զանգահարեց (գործարարը), օդանավի մեջ բռնացրինք: Ասացի՝ «Այսպես, այսպես, այսքան բան է տեղի ունենում, դու դեռ դոլարո՞վ ես գործարք անում»: Անունն էլ տալու եմ, պարոն Սուլեյմանը, ասաց, թե «Ձեր հրամանն առաջ, գործարքներս փոխում եմ լիրայի»,-պատմել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Էրդողանի հայտարարությունը, որով նախագահը կոչ էր արել երկրում սկիզբ առած տնտեսական ճգնաժամն ու ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը հաղթահարել զանգվածային կերպով դոլարները թուրքական լիրայով փոխանակելով։