YN.am-ի (Yerevan News-Երևան Նյուզ) խմբագրություն դիմել են մի քանի դժգոհ քաղաքացիներ «Անելիք» բանկից: Խոսքը գնում է առանց գրավի տրամադրվող հետևյալ երկու վարկատեսակների մասին՝ «Պարզ-արագ ունիվերսալ» և «Արագ պլյուս»: Վարկերը տրամադրվում են տարբեր ժամկետներով և տարբեր չափերով, 24 տոկոս տոկոսադրույքով: Վարկի տրամադրման հիմք է հանդիսանում միայն վարկառու ունեցած վարկային պատմությունը: Նշենք, որ «գրանցված աշխատող» չլինելու հանգամանքը վարկի տրամադրման համար հիմք չի հանդիսանում:
Վարկի հայտի ուսումնասիրման համար վարկառուն բանկին վճարում է 5000 դրամ միջնորդավճար, որը չի վերադարձվում: Քաղաքացիները վճարել են վարկի հայտի ուսումնասիրման համար, սակայն՝ մերժվել: Բանկը պոտենցիալ սպառողներից նախապես գանձում է վճար, որը հետագայում չի վերադարձնելու, միևնույն ժամանակ մերժում է նաև վարկ տրամադրելու հարցում:
Սպառողների իրավունքների պաշտպանվածության մակարդակը Հայաստանում գտնվում է «ոչ այնքան բարենպաստ» մակարդակի վրա: Սա վերաբերում է առաջին հերթին ՀՀ բանկային համակարգին և վարկային շուկայի սպառող հանդիսացող քաղաքացիներին: ՀՀ-ում գործող առևտրային բանկերը օգտվում են բնակչության սոցիալական պայմաններից և թելադրում խաղի իրենց կանոնները, ինչի արդյունքում տուժում է միայն հասարակ սպառողը:
Այս պարագայում «Անելիք» բանկը օգտվում է սպառողների անելանելի վիճակից և գերշահույթ ապահովում: Նախապես 5000 դրամ վճարելուն համաձայնվող մարդը չունի այլ տարբերակ. աշխատում է առանց գրանցման, չունի գրավի առարկա: Փակուղու առջև հայտնված մարդը դիմում է բանկին և մերժվում:
Ներկայումս ՀՀ քաղաքացիներից շատերի համար նշված գումարը հանդիսանում է մի քանի օր գոյատևելու համար անհրաժեշտ միջոց, այնինչ բանկը՝ չբավարարվելով ահռելի տոկոսադրույքների հաշվին ստացվող հսկայական եկամուտներով, քաղաքացիներից «քերում» է միգուցե և վերջին 5000 դրամը:
Վարկը տրամադրվում է 24 տոկոս տոկոսադրույքով, սակայն որպես հայաստանյան բանկերի կողմից ընդունված և կիրառելի փորձ, միջնորդավճարների և այլ վճարների հաշվին, իրական տոկոսադրույքը կազմում է ավելի քան 40 տոկոս: