Դեկտեմբերի 8-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սուրեն Կարայանն իր ներածական խոսքում նշել է, որ այս հանդիպումը ավելի վաղ Ստեփանակերտում հիմք դրված համաձայնության` ավելի ինստիտուցիոնալ համագործակցության առաջին քայլն է:
Արցախի էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը բարձրաձայնել է բոլոր խնդիրները, որոնք ծառացած են արցախցի գործարարների առջև: <<Շատ տեղին էր այսօրվա հանդիպումը այս ձևաչափով:Համոզված եմ, որ կարողանալու ենք կուտակված խնդիրներին լուծումներ տալ>>,-ասել է նախարար Խաչատրյանը:
Կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, որոնց թվում է դեպի Արցախ զբոսաշրջության խթանումը: Համաձայնություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը օտարերկրյա զբոսաշրջիկների համար Հայաստան-Արցախ երթուղիների մշակման գործում, այս համատեքստում կազմակերպել հանդիպումներ տուրօպերատորների համար: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են նաև քայլեր ձեռնարկել դեպի Արցախ ներգնա զբոսաշրջությունը զարգացնելու համար:
Սուրեն Կարայանն առաջարկել է նաև համագործակցել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում` օտարերկրյա ներդրողներին ներկայացնելով Արցախի ներդրումային գրավչությունը: