ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը քիչ առաջ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադառնալով խորհրդարանի մեծամասնությանը նշեց.
«Ժամանակին ասում էիք. տղերք մենք լավն ենք, իսկ դուք վատն եք, իսկ հիմա տղերք մենք լավն ենք, իսկ դուք վատն եք, բայց եկեք համագործակցենք: Մենք գտնվում ենք ծայրագույն վիճակում և պետք չի մեզ խաբել, այս հարցերում մենք պետք է անկեղծ լինենք իրար հետ, բայց մենք անկեղծ չենք, որովհետև կանգնում են այստեղ և փորձում են մեզ էլի համոզել, որ ժողովուրդն իրենց քվե է տվել»,-իր խոսքում նշեց Վահան Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, որ իշխանությունը չի կարող տեսնել այն, ինչ տեսնում են իրենք: 
«Եթե ժողովուրդը ձեզ ըտենց հսկայական քանակով քվեարկել է և հասել եք ժողովրդի վստահությանը, որովհետև դուք լավն եք, իսկ մենք վատը, էլ ինչի եք ուզում համագործակցել մեզ հետ: Արեք ամեն ինչ, դուք ամենախելոքն եք, դուք եք չէ՞ ամենախելոքը: Հը Գրիգորիչ, ըտենց ա չէ՞, բայց դուք հասկանում եք, որ իրականությունը դա չէ»,-ասաց Վ. Հովհաննիսյանը: 
ԱԺ պատգամավորը նշեց, որ իրենց ելույթները հաճախ ջղայն են, որոշ դեպքերում էմոցիոնալ, բայց իրենք չեն չարանում կառավարության անհաջողությունների վրա: 
«Ես ուզում եմ հարց ուղղել Արմեն Աշոտյանին, դուք որ առանձին ձեր թեկնածությունը դնեք, եթե ձեզ չպաշտպանի հանրապետության նախագահը, Հովիկ Արգամիչը, ոստիկանապետը, դուք քանի՞ ձեն կհավաքեք: Էնքան կծեծեն դալաններում, որ դուք կարտագաղթեք, դուք ոչ մեկդ չեք կարանա մեր ժողովրդի մեջ մի ձեն հավաքեք: Միթե դուք չեք տեսնում, թե ինչ կատաստրոֆիկ վիճակ է, տեսնում եք չէ՞, դե եկեք »,-նշեց Վ. Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, որ փոխադարձ անվստահության հարցն այնքան է խորացել, որ ոչ ոք չի հավատում նույնիսկ անկեղծ հրավերին, երբ ասում են «եկեք համագործակցենք»:
«Համագործակցությունը մինչև այժմ իշխանությունը պատկերացնում է այսպես. Դուք մեզ մի քննադատեք, որ մենք կարենանք ամեն ինչ անել, էսպես չի լինում համագործակցությունը: Ես ո՞նց պետք է հավատամ իշխանությունը ներկայացնող այն պատգամավորին, որն էստեղից ասում է, իսկ եթե հանկարծ կառավարությունը ըսենց չանի, ընենց չանի, ես դեմը կկանգանեմ: Չեմ հավատում ես, էդ ե՞րբ եք դեմը կանգնել սիրելի պատգամավորներ»,-նշեց Վ. Հովհաննիսյանը: