Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա կատարած այցի շրջանակում ծանոթացել է վերջին տարիներին համաբուժարանում իրականացված աշխատանքներին:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է պոլիկլինիկայում, զրուցել բուժանձնակազմի և բնակիչների հետ: Քաղաքապետին ներկայացնելով իրականացված ծրագրերը` Արա Մինասյանը նշել է, որ լինելով Երևանի ամենամեծ պոլիկլինիկան` այն այսօր սպասարկում է շուրջ 100.000 բնակչի՝ և՛ մանուկների, և՛ մեծահասակների:
Առանձնակի կարևորելով քաղաքացիներին պատշաճ բուժծառայությունների մատուցման ապահովումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել բուժօգնության առաջնային օղակի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ կենտրոնի կողմից ցուցաբերվող հետևողականությունը:
Այցի շրջանակում Երևանի քաղաքապետին են ներկայացվել նաև մանկական պոլիկլինիկայի կանչերը սպասարկելու նպատակով գնված նոր մեքենաները, որոնցից մեկն, ի դեպ, Հայաստան կատարած այցի ժամանակ Հռոմի Պապին սպասարկած ավտոմեքենան է: