Անկարայի հանրապետական դատախազությունը իրականացվող հետաքննության շրջանակում որոշում է կայացրել ձերբակալել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Նիմեթուլլահ Էրդողմուշին: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Նախօրեին ձերբակալվել, ապա կալանավորվել էին քրդամետ կուսակցության երկու պատգամավոր` կուսակցության խմբակցության փոխնախագահ Չաղլար Դեմիրելը և Սիիրթից (Սղերթ) ընտրված պատգամավոր Բեսիմե Քոնջան, ովքեր մեղադրվում են «զինված հանցախմբի անդամ լինելու», «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու», «անօրինական հավաքներին և երթերին մասնակցելու» մեջ:
Ավելի վաղ` 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել էին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 10 պատգամավոր: Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: