Շաբաթներ առաջ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, որ «անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը»:
Այնուհետև, թե մեր և թե այլ թիմերի՝ մանրամասներ ներկայացնելու հարցումներին ի պատասխան, ՊԵԿ-ից, տեղեկություններ տրամադրելու փոխարեն, հայտնում էին «…ՊԵԿ-ն առավել կարևորում է շուկայում արդար մրցակցության միջավայրի ձևավորումը, ինչի արդեն իսկ տեսանելի առաջին արդյունքներից մեկն էլ բանանի շուկայում վերջին օրերին նկատվող գների շուրջ 200 դրամով անկումն է»:
Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց նոյեմբեր ամսվա սպառողական ապրանքների (այդ թվում՝ մայրաքաղաքում բանանի) միջին գները: Ըստ դրանց, ի հեճուկս ՊԵԿ-ի, բանանի գները նվազել են ոչ թե 200, այլ ընդամենը 28 դրամով:
Ավելին, ինչպես երևում է գրաֆիկից, այս նոյեմբերին բանանն ավելի թանկ է եղել, քան մարտին կամ հուլիսին: Արդ, կարելի է արձանագրել, որ ՊԵԿ-ի կողմից բանանի գնանկման վերաբերյալ հրապարակված տվյալները, մեղմ ասած, հեռու են իրականությունից:
Հարկ ենք համարում նաև նկատել, որ թե՛ ՊԵԿ-ը և թե՛ դատախազությունը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, չեն ներկայացնում մանրամասներ՝ կապված բանանի ներմուծման խոչընդոտման դեպքի հետ: Եվ քանի որ նախկինում ՊԵԿ-ը, որպես կանոն, բարեխղճորեն հարգում էր օրենքը և տրամադրում հայցված տեղեկությունները, հիմքեր կան կասկածելու, որ բանանի ներկրման խոչընդոտման ու ՊԵԿ-ի՝ տնտեսվարողին աջակցելու պատմությունը, գոնե մասամբ, հորինվածք է:
Տեղեկացնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» արդեն դիմել է դատարան՝ պահանջելով ՊԵԿ-ին ու դատախազությանը պարտավորեցնել դեպքի առնչությամբ հայտնել մանրամասն տեղեկություններ: Մանսավորապես, հայցվում է հայտնել, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում խոչընդոտումը, արդյո՞ք դեպքի առթիվ հարուցվել է քր. գործ, արդյո՞ք հայտնի են խոչընդոտողների անունները և դրդապատճառները, ինչպես նաև խնդրո առարկա բանանի քանակը: