Սիրիայի իշխանությունները Քիմիական զենքի արգելման հարցերով կազմակերպության միջազգային առաքելության ներկայացուցիչներին են փոխանցել գրոհայինների կողմից մանանեխի գազ քիմիական նյութի կիրառման ապացույցներ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի իրագործման հարցերով Սիրիայի ազգային մարմնի պաշտոնական ներկայացուցիչ Սամեր Աբբասը:
«Մենք առաքելությանը ներկայացրինք բոլոր փաստաթղթերը, դրանք ստուգվեցին և ընդունվեցին: Առաքելությունը ևս մեկ անգամ Սիրիա կժամանի՝ նմուշները վերցնելու, որոնք հետո կուսումնասիրվեն»,- ասել է նա: Խոսքը 2016 թ. հոկտեմբերի 31-ին Հալեպ նահանգի Մարրեթ-Ումմ-Հաուշ բնակավայրում մանանեխի գազով լիցքավորված 240-միլիմետրանոց ականանետային ականի կիրառման վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարարության փորձագետների վերցրած վկայությունների մասին է, նշել է նա:
Առաքելությունն ընդունել է միայն փաստագրական վկայությունները ուսումնասիրության համար, իսկ նյութական ապացույցները (նմուշները) կնքված և պահված են մինչև Հաագա չարթերային չվերթով հասցնելու ֆինանսական խնդիրների լուծումը: Նմուշները կտեղափոխվեն մոտավորապես 2017 թ. հունվարին: