Bild թերթը հրապարակել է Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում ահաբեկչություն իրականացրած կասկածյալի լուսանկարը։ Ինչպես հաղորդում է պարբերականը, կասկածյալ, ենթադրաբար, Թունիսի քաղաքացի Անիս Ա․-ն է, որը հնարավոր է մի քանի անձնագիր ունի։ Նա 21-23 տարեկան է։
Տղամարդը նախկինում գտնվել է ոստկանների ուշադրության կենտրոնում։ Թերթի տվյալներով՝ նախկինում նա մեղադրվել է մարմնական վնասվածքներ հասցնելու համար, սակայն նրան չեն կարողացել ձերբակալել։ Ոստիկանությունը պաշտոնապես դեռևս չի հաստատել տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել էր մարդկանց մեջ, որոնք հավաքվել էին Բեռլինի կենտրոնում՝ ամանորյա տոնավաճառի տարածքում։ Զոհվել էր 12 և հոսպիտալացվել 48 մարդ։ Գերմանիայի իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն։