Այսօր «Հետքի» ընթերցողներից մեկը՝ Ն․ Հովսեփյանը նամակ է գրել եւ բացատրել, որ բենզինի գնի իջեցումից հետո իր մեքենան սկսել է ավելի «շատ» բենզին ծախսել։ Նա խնդրում է այս թեմայով հոդված պատրաստել․
«Regular տեսակի բենզինի 1 լիտրի գինը վերջին 2 ամսվա ընթացքում հասցրեց 410-ից հասնել 330-ի: Ստացվում է, պետք է շահեր վարորդը, մինչդեռ յուրաքանչյուրը կարող է հասարակ հաշվարկ անել իր մեքենայի վրա: Իմ մեքենան, օրինակ, քաղաքում 100կմ-ի հաշվով ծախսում է 9 լիտր: Բենզինի էժանացման պարագայում սկսեց աստիճանաբար ավելի շատ ծախսել՝ 350 դրամի ժամանակ՝ 10.8, հիմա՝ 330 դրամի դեպքում՝ արդեն 11.5 լիտր: Եթե հանենք ձմռան ցրտի պատճառով բենզինի գերածախսի 10%-ը, կստացվի 9.72 և 10.5 լիտր: Ի՞նչ է ստացվում: Բենզինը էժանանում է, իսկ ծախսը շատանում, հետևաբար, կամ վառելիքի ՕԳԳ-ն է իջեցվում, կամ բենզալցակայաններում ուղղակի խաբում և քիչ են լցնում: Սա ավելի հավանական տարբերակ է, քանի որ նախ՝ 1. բենզալցակայանների ճնշող մեծամասնությունը հրաժարվում է շշի կամ որևէ այլ տարայի մեջ բենզին լցնել և վաճառել: 2. Տարաներով բենզին վաճառող անհատից գնելով 10 լիտր բենզին՝ մեքենաս ձմռան ցրտի այս պայմաններում ծախսեց 9.8 լիտր: Ստացվում է՝ Regular տեսակի բենզինի յուրաքանչյուր 1 լիտրի մեջ մեզ խաբում են միջինը 135 գրամ, 10 լիտրի մեջ ստացվում է 1.35 լիտր=445.5 դրամ: Մենք իրականում այսօր բենզինի համար վճարում ենք ոչ թե 330, այլ 381 դրամ»,- գրում է Հովսեփյանը: