Կիրակի նյույորքյան Բրուկլին շրջանում մահափորձ է կատարվել ամերիկացի ռեփեր Troy Ave-ի (Ռոլանդ Քոլինզ) նկատմամբ։ 31-ամյա երաժիշտը գլխի և ձեռքի վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով մեգապոլսի ոստիկանական վարչության աղբյուրներին։

Հաղորդվում է, որ զինված հարձակումը կատարվել է, երբ ռեփերը գտնվել է Maserati ավտոմեքենայում։ Հրաձիգը շարժվել է ոտքով և երկու փամփուշտ արձակել վարորդի կողային ապակուն, իսկ այնուհետև թաքնվել։

Չնայած վնասվածքներին՝ ռեփերը կարողացել է դուրս գալ մեքենայից և ինքնուրույն հասնել հիվանդանոց։ Բժիշկների խոսքով՝ նա գտնվում է կայուն վիճակում։

Ոստիկանությունը փաստի առթիվ հետաքննություն է սկսել։ Տեղի ունեցածի շարժառիթները հայտնի չեն։