«Ես պետք է նրանց հետ Սիրիա թռչեի, սակայն մենեջերս համոզեց ինձ չխախտել համերգային գրաֆիկը: Ես ուղղակի շոկի մեջ եմ այս ողբերգությունից, քանի որ 1 ամիս առաջ Ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան երգի և պարի ակադեմիական անսամբլի երգչախմբի ներկայացուցիչները կապվել էին մենեջերիս հետ՝ ինձ Սիրիա հրավիրելու ու դեկտեմբերի 29-ին կայանալիք շոուին մասնակցությունս ապահովելու համար: Ես պետք է սկզբում մեկնեի Մոսկվա ու այնտեղ միանայի երգչախմբին, սակայն համերգային գրաֆիկումս արդեն համերգներ էին ծրագրված, ու մենեջերս համոզեց ինձ հրաժարվել: Ես սկսում եմ հավատալ ճակատագրին»,-մեջբերում է italia-ru.com-ը Կուտունյոյի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած և 92 մարդու կյանք խլած ավիաաղետի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Սոչիում կործանված ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մոսկվա է ժամանել Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը, որը տեղափոխում էր Տու-154-ի ավիավթարի վայրում հայտնաբերված մարմինները:
Նշվում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում մասնագետները կանցկացնեն փորձաքննություն՝ նրանց ինքնությունը պարզելու համար: