ԿԲ-ի կանխատեսմամբ, հունիսի վերջին գնաճի տեմպերը մեր երկրում կաճեն: Եթե ներկայում գնաճը գնահատվում է 4 տոկոսի սահմանում, ապա տարվա երկրորդ կիսամյակից կավելանա եւս 0.5 տոկոսով, հասնելով 4.5 տոկոսի:

Ընդ որում, ԿԲ-ը դա չի պայմանավորում արտաքին գործոններով, քանի որ միջազգային շուկայում գների կայուն վարքագիծ է ակնկալվում: Օրինակ, պարենի միջազգային շուկայում հիմնականում պահպանվելու են 2012թ-ի գները:

Հացահատիկի գներն անցած տարվա երկրորդ կիսամյակի համեմատ այս տարի նույնիսկ կնվազեն, շաքարավազի շուկայում եւս գների թեթեւ անկում է ակնկալվում` կապված սպասվող առատ բերքի հետ, իսկ բրնձի շուկայում լարվածությունը կպահպանվի, բայց գների էական փոփոխություն չի կանխատեսվում:

Գների որոշակի աճ է կանխատեսվում միայն մետաղների եւ վառելիքի շուկայում: ԿԲ-ն, ի դեպ, էներգակիրների միջազգային շուկայում առաջիկա 2 տարվա գնաճային ռիսկը մեկնաբանում է աշխարհաքաղաքական զարգացումներով:

Թերեւս հենց էներգակիրների, մասնավորապես` մեր երկրի համար`գազի գնի սպասվող թանկացմամբ էլ ԿԲ-ը պայմանավորել է գնաճի կանխատեսումը հատկապես հունիսի վերջին:

Հիշեցնենք, որ գազի գինը ավելի քան 67.4 տոկոսով բարձրացնելու հայտով ՀայՌուսգազարդն արդեն դիմել է Հանրային ծառայուոյւնները կարգավրող հանձնաժողով: Սակագնի բարձրացման դեպքում արդեն իսկ սպասվում է սպառողական գների համարժեք բարձրացում:

Հայտն ստանալուց հետո հանձնաժողովն 90 օր ունի որոշում կայացնելու համար: Դրանից եւս 30 օր անց հաստատված սակագինը կսկսի գործել:

Սրանք օրենքով նախատեսված առավելագույն ժամկետներն են, բայց չի բացառվում, որ սակագինը սկսի գործել հենց հունիսի վերջից, հենց այն ժամանակ, երբ ԿԲ-ը գնաճ է կանխատեսում:

Աղբյուրը՝ Փաստինֆո