Քվենտին Լետտսը Politico պարբերականում անդրադարձել է այն հարցին, թե ովքեր են լինելու 2017 թվականի հաղթողներն ու պարտվողները։

Հաղթողներ

1․ Ոսկեթիթեղներ վաճառողները․ Դոնալդ ու Մելանիա Թրամփը բնակություն են հաստատում Սպիտակ տանը՝ հիշեցնում է հեղինակը։ Մինչև նրանց հեռանալը արդյո՞ք Թրամփի ապարտամենտներում թեկուզ մեկ ոչ ոսկեզօծ սանտիմետր կմնա։

2․ Վլադիմիր Պուտինը․ «Զարմանալի չէ, որ ռուս կարճլիկ –բռնապետը այս ու այն կողմ է գնում՝ ասես գրգռված աքլոր լինի։ Ուկրաինայում ու Սիրիայում նրա ռազմատենչ մանևրումները վերականգնել են նրա մոսկովյան մաչոի կերպարը, իսկ ժողովրդական հուզումները Արևմուտքում ցույց են տալիս, թե այնտեղ բոլորն ինչ քմահաճ թուլամորթներ են։ Ի՞նչ ժողովրդավարություն։ Չնայած ռուսական տնտեսությունը արգելակվում է, խելագար Վլադը դժվար թե երբևէ իրեն ավելի վստահ է զգացել Կրեմլում բազմած, քան հիմա»՝ գրում է հոդվածագիրը։

3․ Դրոշներ պատրաստողները․ «ԵՄ միասնականության փլուզումը և Թրամփի վերելքը բարենպաստ օրեր կսկսեն դրոշներ արտադրողների համար..․ Brexit-ը ԵՄ քաղաքականոթյանն ազգայնականության թմրանյութի ներարկում է արել, ինչը նշանակում է թափահարել դրոշները։ Դրոշներ հավանաբար կգնեն Թրամփի և՛ կողմնակիցները , և՛ հակառակորդները։ Առաջինները որպեսզի ծածանեն դրանք, երկրորդները, որպեսզի այրեն»։

4․ Մարին Լե Պեն․ «Ճանաչում, լուսաբանություն լրատվամիջոցներով, եթերային ժամանակ․ ահա թե ինչ է առաջարկում 2017-ը «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածուին։ Հնարավոր է Լե Պենը չհաղթի, բայց նրան չտեսնելն ու չլսելը դժվար կլինի։ Իսկ նրա կուսակցության համար այդ կարգավիճակը յուրատեսակ հաղթանակ է»։

Պարտվողներ

1․ Պաոլո Ջենթիլոնին․ «Ջենթիլոնին Իտալիայի նոր վարչապետն է։ Կկարողանա՞ նա նույնքան երկար պահպանել իր դիրքը, որքան սերֆինգիստը։ Միանգամայն հավանական է՝ ոչ»։

2․ ՆԱՏՕ-ն․ «Թրամփը հավանաբար դեռ չի կշռադատել ՆԱՏՕ-ի հանդեպ իր նախընտրական հոռետեսությունը, սակայն նա արդեն անվստահություն է հայտնել կազմակերպության ապագայի հանդեպ, որը վերջին 60 տարիներին Արևմուտքի դիվանագիտական հենասյուներից մեկն է։ Քանի որ շատ երկրներ պաշտպանության վրա չեն ծախսում ՀՆԱ-Ի նույնիսկ 2 տոկոսը, ՆԱՏՕ-ն սարսափելի թերսնված է թվում»՝ ասվում է հոդվածում։

3․ Սիրիայի ժողովուրդը։ «Ավաղ, դժվար է պատկերացնել , որ Սիրիայում որևէ մեկի համար 2017-ը կարող է առանձնապես դրական լինել։

4․ Անգելա Մերկելը. «Այս աշնանը Գերմանիայում ընտրություններ են , ու չնայած կանցլեր Մերկելը կարող է հաղթել, բայց նրա համազգեստի վրա արդեն ժանգի հետքեր են հայտնվում՝ նշում է Լետտսը։ Նրա կայունացնող միջոցներն արդեն այն չեն… Մերկելի իմիգրացիոն քաղաքականությունը քաոս է ստեղծել ամբողջ Եվրոպայում։ Եթե կանցլերը իշխանության վերադառնա ոչ բարենպաստ հանգամանքներում, ինչպե՞ս կազդի դա նրա երկարաժամկետ հեղինակության վրա»։