Tagesspiegel-ի փոխանցմամբ՝ «Հիտլեր. Mein Kampf. Կրիտիկական հրատարակում» գիրքը Գերմանիայում դարձել է բեսթսելլեր, ինչը զարմացրել է դրա վրա աշխատած Մյունխենի Ժամանակակից պատմության ինստիտուտի (Institut für Zeitgeschichte, IfZ) աշխատակիցներին։
Սկզբնական շրջանում IfZ-ը պատրաստել է երկհատորյակի 4000 օրինակ, սակայն ներկա դրությամբ արդեն իսկ վաճառվել է 85.000 օրինակ։ Հունվարին կթողարկվի գրքի վեցերորդ տպաքանակը, ինչը չէր կանխատեսել ոչ ոք։
Գիրքն ի սկզբանե աժիոտաժ է առաջացրել հասարակությունում, քննարկումների տեղիք է տվել, գնահատվել է պրոֆեսիոնալ տեսանկյունից։ Ներկայումս պատրաստվում է ֆրանսերենով գրքի տարբերակը։
Չի բացառվում, որ գիրքը կթարգմանվի նաև անգլերեն։ 2016 թվականի հունվարին Հիտլերի գիրքը վերջին 70 տարում առաջին անգամ վաճառքի է հանվել Գերմանիայում։ Հիտլերն այդ գիրքը գրել է 1924 թվականին բավարական բանտում ազատազրկում կրելիս, 1923 թվականի «գարեջրային հեղաշրջման» կազմակերպման համար։