Վերջին օրերին մի քանի լոսանջելեսահայերի ֆեյսբուքյան էջերի նկարներից և սիրողական տեսանյութերից հայտնի դարձավ, որ ՀՀ Մշակույթի Նախարար Արմեն Ամիրյանը Լոս Անջելեսում է: Նախարարը ցանկություն էր հայտնել հանդիպելուամերիկահայ մշակութային և քաղաքական գործիչների և գործարարների հետ: Սույն նպատակով կազմակերպվել էր շատ տնական ճաշկերույթ Գլենդելի ռեստորաններից մեկում: Այդ ճաշկերույթի անհայտ կազմակերպիչը, հավանաբար, մոռանալով հավաքույթի բուն նպատակը նախարարին էր «դեմ տվել» իր մտերմիկ ընկերական շրջապատը, բացառությամբ մի քանի ներկաների:
Ակնհայտ էր, որ ճաշկերույթի մասնակիցները բնավ համայնքի մշակութային պատկերը չեն կազմում: Ոմանք վաղուց թեև գործունեություն չեն ծավալում, բայց չգիտես ինչու իրենց աննպատակ նեկայությամբ «պատվել» էին այդ հավաքը, ոմանց աչքի ընկնելու մոլուցքն էր մղել անտոմս ուղևորի նման սողոսկել ներս:
Այդ հավաքին ներկա չէր շարունակ համայնքին հովանավորող ոչ մի գործարար, ոչ մի երիտասարդ առաջնորդ, մամուլի և հեռուստատեսության ներկայացուցիչ և այլն, և այլն: Մի խոսքով` մտերմիկ ընկերական «ուտուշ-խմուշ»:
Լոս Անջելեսն ԱՄՆ-ի ամենահայաշատ շրջանն է, որ միշտ աչքի է ընկել ակտիվ մշակութային և քաղաքական գործունեությամբ: Տարիներ շարունակ համայնքում գործունեություն են ծավալում բազմաթիվ կազմակերպություններ ու միություններ, և անխտիր բոլորի վեհ գաղափարն է սփյուռքում հայ մշակույթի տարածումն ու զարգացումը:
Հուսանք այս անարդար մոտեցումը ոմն անհայտ կաղմակերպչի կողմից չի նպաստի, որ հիասթափվեն ու դադարեն գործել Լոս Անջելեսում իրական մշակութային գործունեություն ծավալող գործիչները և այլևս չսատարեն ծրագրերը հովանավորող գործարարները:
Այդպես էլ անհայտ մնաց այն «բարի» մարդու անունը, ում վստահել էին սույն հավաքույթի կազմակերպման հարցը:
Հ.Գ.
Ի դեպ անրադառնալով այս հարցին ամերիկահայ գործարար Կարբիս Թիթիզյանը ֆեյսբուքյան էջերում կարծիք էր հայտնել թե Արմեն Ամիրյանը արժանի էր ավելի լավ ընդունելության և որ հանդիպմանը ներկա մարդկանց մեծ մասը առհասարակ կապ չունեն Լոս Անջելոսի մշակութային աշխարհի հետ: Հավելենք որ Թիթիզյանի մեկնաբանությունը հավանել էր անձամբ ՀՀ Մշակույթի Նախարար Արմեն Ամիրյանը: