asekose.am-ը գրում է.
Ամանորյա եռուզեռ, ավանդական մայրաքաղաքային աղցան, խոզի բուդ, բայց ոչ սովորական խոստովանություն Հայկ Մարությանից: Դերասանը ֆեյսբուքյան ասուլիսի միջոցով, կարծես թե, փորձեց վերջակետ դնել իր և Մկրտիչ Արզումանյանի միջև եղած հնարավոր տարաձայնության մասին խոսակցություններին, սակայն եղավ ճիշտ հակառակը` մի շարք հարցականներ և բազմակետեր:
«Առանձին աշխատանքից հետո իմ կողմից բազմիցս առաջարկներ են եղել Մկոյին՝ միասին երբեմն նախագծեր անել, սակայն առաջարկս հավանություն չի ստացել նրա կողմից: Ի դեպ, էս վերջերս մեկն ինձ հետ եկել էր հանդիպման, որ գովազդ էր առաջարկում՝ Կարգին Մկոյի և Հայկոյի մասնակցությամբ, ես իմ հավանությունը տվեցի, Մկոն մերժեց...Պատճառների մասին, իրոք, չգիտեմ...Ու ինձ այս հարցով ինչքան դիմեք՝ ես նույն պատասխանն եմ տալու...Ես պատրաստ եմ աշխատել, բայց... »,-ասաց Կարգին Հայկոն` ինչը նրանց կարգին դուետի և կարգին ընկերության երկրպագուներին հույս տվեց, որ մի օր սիրված դերասանները կվերամիավորվեն, թեպետ հնչեցին նաև մեղանդրանքներ Մկոյի հասցեին, որոնց համաձայն` նա մեծամտացել է և համեստությունը նրան չէր խանգարի:
Բնականաբար, ինչպես սպասելի էր, խոսակցությունները տեղափոխվել էին նաև դերասանների սոցիալական ցանցերի էջեր, հետևորդների հարցերն ուղղված էին Մկոյին, քանի որ վերջինս, անկախ իր կամքից, շատերի աչքին հայտնվել էր Հայկոյի` վերամիավորման ձեռքը մերժողի և հաշտության եզրեր չփնտրողի կարգավիճակում: Հարցի իմաստը մեկն էր` ինչու՞ Մկոն Կարգին Հայկոյին դարձրեց Կարգին Մերժված, իսկ պատասխանը նույնքան անսպասելի էր, որքան որ Հայկոյի առաջին խոստովանությունն էր:
«Իսկ ո՞վ և ի՞նչ է առաջարկել, որ մերժել եմ»,-նշել է Մկոն Instagram-ի իր լուսանկարին կից ուղղված հարցադրումներին: Ապա դերասանը հավելել է. «Նման առաջարկ չի եղել: Այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Շատ բաներ իրականության հետ կապ չունեն»: Իսկ հետևորդներից մեկի դիտարկմանը, որ գուցե միայնակ հանդես գալն ավելի եկամտաբեր է, Մկոն արձագանքել է հետևյալ ձևով. «Եկամուտն ինձ համար կապ չունի: Մարդս մարդ լինի: Մնացածը երկրորդական է»:
Կրկին նույն բազմակետերը վերջակետի փոխարեն: Մկոն, մարդկանց հարցերին պատասխանելով, ավելի շատ հարցականներ առաջ բերեց, քանի որ հերքելով այն փաստը, որ ինքը մերժել է կրկին համագործակցելու առաջարկները, Հայկոյին անուղղակի ձևով ստախոս անվանեց, իսկ միայնակ աշխատելու վերաբերյալ էլ տվեց շատ կանխատեսելի և ոչինչ չասող պատասխան` «Առանձին աշխատելու ժամանակը եկավ: Շատ անսպասելի էր, բայց եկավ: Այդպես ստացվեց: Կյանք է, ամեն ինչ լինում է: Բայց նման առաջարկ իրոք չի եղել)))) Ես կհիշեի հաստատ)))»:
Իսկ գաղտնիքը բացելու խնդրանքները նույնպես չմերժեց, սակայն մեկնաբանելով` կրկին ոչինչ չասող մեկնաբանություն տվեց.
«Եթե ընկերոջդ կամ եղբորդ հետ ներքին թեմաներ առաջանային, համացանցում կխոսեի՞ր այդ մասին: Կարծում եմ, որ չէ: Ինչքան էլ ասելու բաներ շատ ունենայիր: Ամեն ինչ իր քննարկման տիրույթն ունի: Ես էդպես եմ մտածում: Մյուսների մոտ խղճահարություն առաջացնելն իմը չէ»:
Ինչևէ, առանց այն էլ խճճված պատմությունն ավելի խճճվեց, միայն թե մնում է հուսալ, որ աղմկահարույց հայտարարություններ անելուց առաջ Հայկոն և Մկոն կամ պատրաստ կլինեն մինչև վերջ անկեղծանալ, կամ էլ այլևս ոչինչ չեն մեկնաբանի, որովհետև հակառակ դեպքում դժվար է լինում հասկանալ, ո՞վ է մերժվածը, իսկ ով է ստախոսը…