Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 
Օրակարգի հարցերից չորսը վերաբերել է Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներին։ Գործադիրը որոշել է ավելացնել հակակարկտային կայանների քանակը և դրանք ներառել ընդհանուր լոկացիոն ցանց, տուժած համայնքներն ազատել հողի հարկից և ջրի վարձից, երկարաձգել վարկերի դրամայնացման և սուբսիդավորման մարման ժամկետները։ Նշված հարցերը կառավարության անդամներին է ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Նիստի ընթացքում վարչապետն անդրադարձել է ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության մեջ արծարծված բացահայտումներին, որոնք վերաբերում են ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին։ ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ բնապահպանության, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ ֆինանսների, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավարները ներկայացրել են ստուգման արդյունքների վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, հաշվետվության մեջ արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցները։ Ամփոփելով քննարկումը` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Առաջին հերթին արձանագրում ենք, որ Վերահսկիչ պալատը մեծածավալ աշխատանք է կատարել։

Բացահայտված խնդիրների գրեթե 80 տոկոսի հետ նաև դուք համաձայնել եք, և կա խնդիրների 20 տոկոսը, որտեղ անհամաձայնություն կա, դրանք էլ անհրաժեշտ է համատեղ աշխատել և պարզաբանում տալ։ Կառավարության անունից ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վերահսկիչ պալատի անձնակազմին` կատարած աշխատանքի համար։ Երկրորդը` հանձնարարվում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին, որպեսզի բոլոր պարզաբանումները, բացատրությունները, որ տրվեցին նախարարությունների կողմից, տեղադրվեն կառավարության կայքէջում։ Եվ երրորդ, որպեսզի մենք պատրաստ լինենք հրապարակային քննարկմանը և թե ինչ ձևաչափով և ինչպես պետք է հանրությանը ներկայացվեն կատարված և կատարվելիք աշխատանքները»։