Այսօր Երևանի Վերաքննիչ դատարանում դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ կայացավ Արթուր Սմբատյանի գործով դատական քննությունը: Դատաքննության հենց սկզբում դատապաշտպան Խաչատրյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ մեղադրյալ Սմբատյանը բազմիցս խնդրել էր ՀՔԾ­-ի աշխատակիցներին՝ իրեն մեթադոնային փոխարինող բուժում հատկացնելու համար, սակայն պարբերաբար միայն մերժում է ստացել՝ լսելով այն պատճառաբանությունը, թե ինքը ոչ մի խնդիր կամ պատճառ չունի բուժվելու: Սակայն դատապաշտպանի խոսքերով՝ փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբաստանյալն այնուամենայնիվ բուժման կարիք ունի: Ներկայացվեց նաև այն հանգամանքը, որ մեղադրյալը ինքնախեղման է գնացել միայն ծայրահեղ վիճակից ելնելով, և սա պետք է դիտարկել որպես ելք` համապատասխան բուժում ստանալու համար: Վերջում Խաչատրյանը հորդորեց՝ դատավճիռ կայացնելիս՝ հաշվի առնել վերոնշյալ հանգամանքները և մեղմ վերաբերվել ամբաստանյալին և գործածել ՀՀ Քրեական օրենսգրքի 70 հոդվածը, որով պետք է նախապես նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Իր ելույթում դատախազ Մուրադյանը նշեց, որ մեթադոնային բուժմանը ներգրավվելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակաշրջան, քանի որ նշանակված հանձնաժողովի կողմից կատարվող երկարատև գործընթաց է, և արդյունքների պատասխանն էլ միանգամից տրվել չի կարող: Նա նաև ավելացրեց, որ ամբաստանյալին ներկայացված մեղադրանքը խիստ չէ և տեղին է, և միջնորդեց դատարանին մերժել վերաքննիչ բողոքը:
Իրեն հատկացված խոսքի հնարավորության ժամանակ ամբաստանյալ Ա.Սմբատյանն ասաց, որ բազմիցս խնդրել է բուժման հնարավորություն ընձեռել, սակայն միշտ մերժում է ստացել: Նրա մոտ հարց էր առաջացել՝ մի՞թե ինքնախեղման հասցնելուց հետո միայն պետք է նրան հասանելիք օգնությունը ցուցաբերվեր:
Գործի դատավճռով ամբաստանյալն ազատազրկվեց 7 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Արթուր Սմբատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում 14.09.2011թ. առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար փորձել է ապօրինի ձեռք բերել խոշոր չափի` 0,0392 գրամ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-268 հոդվածի 2­րդ մասի 2­րդ կետով:

Տաթև Հարությունյան