«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Լիվերպուլի» դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 21-րդ տուրի տնային խաղի մասին:
«Բոլորը սպասում են կիրակնօրյա խաղին: Ես բաց եմ թողել «Լիվերպուլի» դեմ «Էնֆիլդում» կայացած նախորդ հանդիպումը, սակայն գիտեմ այս խաղի արժեքը: Գիտեմ, թե որքան կարեւոր է այս հանդիպումը, քանի որ ծանոթ եմ դիմակայության պատմությանը:
Սա իմ առաջին դերբին չէ եւ գիտեմ, որ պետք է պատրաստ լինես այդ օրվան: Պետք է խաղաս թիմի ու երկրպագուների համար, իսկ հաղթանակը կմտնի պատմության մեջ: Իհարկե, ունենք նաեւ երեք միավորի կարիք, եւ դա շատ կարեւոր կլինի առաջիկա մի քանի ամիսներին:
«Լիվերպուլն» առաջադիմել է Յուրգեն Կլոպի օրոք: Ես շատ լավ եմ ճանաչում նրան: Կլոպը մեծագույն մարզիչներից է եւ կարող է թիմին հասցնել նոր մակարդակի: Նրա թիմերը ցուցադրում են շատ հետաքրքիր ֆուտբոլ, այնպես որ մեզ սպասվում է գեղեցիկ խաղ»,- Հայաստանի հավաքականի ավագի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ խաղացել է Դորտմունդի «Բարուսիայում»: «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» խաղը կկայանա հունվարի 15-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: