Թուրքական այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունն (ASIMDER) առաջարկել է օրինական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանությունը ճանաչողների համար:
Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ կազմակերպությունն արդեն սկսել է նմանատիպ նախագծի մշակումը, որը պետք է ներկայացվի Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահությանը:
Միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն անդրադարձել է այն հանգամանքին, որ վերջին շրջանում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մի շարք ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, թե օսմանյան ժամանակաշրջանում ցեղասպանություն է կատարվել:
«ASİMDER»-ի նախագահն առաջարկել է Եվրոպայում ցեղասպանության ժխտումն արգելող օրենքների նմանությամբ ստեղծել այնպիսի օրենք, որով կարգելվի Թուրքիայում ցեղասպանության մասին խոսել:
«ASİMDER»-ի նախագահի խոսքով՝ իրենք նաև թեմայի քննարկման նպատակով առաջիկայում հանդիպումներ կունենան Թուրքիայի առաջատար կուսակցությունների՝ «Արդարություն և զարգացում», «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների ներկայացուցիչների հետ: