Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվել է Անուշավան Մաճկալյանի գործի դատավարությունը:
Ըստ դատավճռի` Ա.Մաճկալյանը 2012թ. օգոստոսի 30-ին` ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի գյուղերից մեկի հանդամասում սեռական հարաբերություն է ունեցել 14 տարին չբոլորած մի աղջկա հետ` վերջինիս կամքին հակառակ:
Ա.Մաճկալյանը մեղավոր է ճանաչվել` անչափահասի բռնաբարության համար` ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասով:
Աղջկա մոր ցուցմունքով` տուժող Է.-ն դպրոց չի գնում, գրել-կարդալ չգիտի, չափավոր մտավոր հետամնացություն ունի: Բռնաբարությունից հետո նրա վիճակը վատացել է: Մայրը դատարանում ասել է, որ Անուշավանն ավելի, քան մեկ տարի շփվել է իրենց ընտանիքի հետ, նրան հարազատի նման են ընդունել, իր մտքով չէր անցնի, որ նա այդպիսի արարք թույլ կտա հիվանդ երեխայի նկատմամբ:
Ա.Մաճկալյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց: Ըստ Մաճկալյանի` 13-ամյա աղջիկն է նախաձեռնողը եղել, ոչ էլ դիմադրել է:
Թերթը նշում է, որ Անուշավանն արդեն մեկ անգամ դատվել է և նույն դատավորի առջև կանգնել 2012թ. հունվարի 25-ին` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, մի շարքային զիծառայողի ծեծի ենթարկելու համար:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ա.Մաճկալյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել ազատազրկման` 8 տարի 9 ամիս ժամկետով,-գրում է «Ժամանակ» թերթը:


