Ոստիկանները պարզել են այսօր առավոտյան Երզնկյան թիվ 1 շենքի մոտ 12-րդ հարկից ընկած քաղաքացու ինքնությունը:
Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էգդար Ջանոյանն ասաց, որ մահացածը 1977 թվականին ծնված Արկադի Մխիթարյանն է.«Նա նախկինում երկու անգամ դատապարտվել է բնակարանային գողության համար»:
Հիշեցնենք` հարևանները պատմել են, որ գիշերը 04։00-04։30-ին անջատվել է շենքի ինտերնետն ու կաբելային հեռարձակումը, իսկ տղամարդը փորձել է 12-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից մուտք գործել բնակարան գողության նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ զննությամբ տղամարդու հագուստի գրպանում հայտնաբերվել է կտորից մեկ զույգ ձեռնոց, կրակայրիչ և փոքր լուսատու սարք, իսկ դիակի մոտ՝ պտուտակահան և ծխախոտի տուփ: Երզնկյան 1 շենքի 12-րդ հարկում՝ աստիճանավանդակի մոտ, հայտնաբերվել է նույն շենքի 45-րդ բնակարանի ննջասենյակի պատուհանի մաս կազմող ցանցը, ինչպես նաև պարզվել է, որ պատուհանի դրսի պատուհանագոգի մի մասի ձյան ծածկույթը բացակայում է:
Աղբյուրը՝Tert.am