YN.am-ը գրում է.
Մի քիչ էմոցիոնալ, մի քիչ լրագրողական, մի քիչ նախկին զինվորականի տողերս առաջին անգամ են հրապարակայնացվում:
Երևի հունվարի 28-ը լավագույն առիթն էր դա անելու: Այնպես է ստացվել, որ ապրիլյան քառօրյան համընկավ հեղինակի՝ ռազմական լրագրության առաջին ու ուսանելի փորձի ձեռքբերման հետ: Այն, ինչ հեղինակը տեսավ, ապացույցն էր լոկ մի բանի՝ սահմանին կանգնածը չի ճանաչում տեղայնական ու կուսակցական պատկանելիություն: Նրա մտքում, սրտում միայն մի արժեք կա այդ պահին՝ հայրենիքի պաշտպանություն: Այդժամ ես հասկացա, որ կյանքս մազից էր կախված: Ապրիլյան այդ դաժան, բայց հպարտանալու տեղիք տված պատերազմում, մենք ցավոք կորուստներից չխուսափեցինք: Իրականում հերոսները չեն զոհվել, նրանց սրբազան հոգիները, չապրած տարիները փոխանցել են մեզ՝ ողջ մնացածներիս:
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն, ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանն ու Ռոբերտ Աբաջյանը, և մյուս բոլոր ազգային արժեքները իսկապես ցույց տվեցին, որ անձնազոհությունն է միայն ստիպում գնահատել կյանքը, սահմանը, հայրենիքը: Մինչդեռ մենք՝ աշխարհազորայիններս պատեհ ու անպատեհ առիթով իրար միս ենք ուտում, մեզ դնում ասֆալտի ֆիդայինների տեղ, ինչպես դա եղավ մութ ու ցուրտ տարիների երևանյան 90-ականներին, երբ քաջարի հայ մարտիկները իրենց կյանքը դնելով զոհասեղանին կռվում էին Ղարաբաղի ազատագրման համար, այստեղ՝ ոմանք Երևանում շահարկում էին այդ հարցը, ոմանք էլ՝ բաշիբոզուկի պես վատնում կյանքը, կեղեքում, գրփում, թալանում:
Բայց դա չի վերաբերվում զինվորին՝ նրա առջև դրված պարզ ու մարդկային առաջադրանքը նա կատարեց բարձր ու պատվով: Ինչպես մեր ավագ եղբայրներն ու քույրերը իրավունք չունեն մոռանալ Մովսես Գեորգիսյանին, Մոնթե Մելքոնյանին, Դուշման Վարդանին, Թաթուլ Կրպեյանին, այնպես էլ մենք՝ Աբաջյաններին, Սլոյաններին: Այլևս նրանք լոկ անուն-ազգանուններ չեն, այլ բացարձակ արժեք, բացարձակ ճշմարիտ:
Պատերազմներն ավարտվում են միայն զոհվածների համար: Մեր կռիվը դեռ չի ավարտվել: Մեր կռիվը հեգեմոնիայի համար չէ… ճշմարտության ու ազատության: