ԱԺ կառավարության ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է խորհրդարանական ընտրությունների օրվա հետ կապված Էլինար Վարդանյանի՝ ՀՀ նախագահին ուղղված բաց նամակին՝ նշելով, որ ԱԺ ընտրությունների ողջ գործընթացը պետք է կազմակերպվի ապրիլի 1-ից 11-ը:
Ստորեւ ներկայացնում ենք «Արմենպրես»-ին տրամադրված Դավիթ Հարությունյանի պարզաբանումն ամբողջությամբ.
«ՀՀ Նախագահը, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածը, 2016թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել է 2017թ. ապրիլի 2-ին: ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 5-րդ հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը (այդ թվում՝ ՀՀ Նախագահի հրամանագրերը) պետք է համապատասխանեն ՀՀ օրենքներին եւ սահմանադրական օրենքներին: ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է եւ ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից (այսինքն՝ 2017 թվականի մայիսի 31-ից) ոչ շուտ, քան 60 օր, եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ (ապրիլի 1-ից մինչեւ 11-ն ընկած ժամանակահատվածում):
Այս իրավանորմերի համադրությունից հետեւում է, որ ՀՀ Նախագահի հրամանագիրն ընդունվել եւ հրապարակվել է սահմանադրական օրենքին՝ ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան:
Անդրադառնամ նաեւ մյուս հարցին՝ արդյո՞ք ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը: Կա մոտեցում, ըստ որի 2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները պետք է անցկացվեն ոչ թե 2017 թվականի ապրիլի 2-ին, այլ ապրիլի վերջին տասնօրյակում, քանի որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների անցումային դրույթների համաձայն՝ պետք է առաջնորդվել, ոչ թե նոր Սահմանադրության 91-րդ հոդվածով, այլ 2005 թվականի ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգավորումներով: Այս մոտեցումը փորձ է արվում հիմնավորել այն հանգամանքով, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրության անցկացման ժամանակահատվածը կանխորոշող՝ ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 91-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրության 209-րդ հոդվածի 3-րդ մասում առկա կարգավորման համաձայն դեռ ուժի մեջ չի մտել, հետեւաբար, չի կարող կիրառվել:
Թվացյալ խնդիրն իրականում առաջացել է ներսահմանադրական անհամապատասխանության պատճառով. հենց ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 209-րդ հոդվածի 3-րդ մասում 91-րդ հոդվածի ներառումն է պատճառ դարձել այդ ներսահմանադրական անհամապատասխանության:
Այդ կապակցությամբ, կարծում եմ, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շարք կարեւոր հանգամանքների վրա.
Ի տարբերություն 1995 եւ 2005 թվականների խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունների, 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունը 89-րդ հոդվածով սահմանել է ՀՀ Ազգային ժողովի ընտրական համակարգը, որն էականորեն տարբերվում է նախկինում կիրառված համակարգերից: ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի հիման վրա ՀՀ Ազգային ժողովի նոր ընտրակարգն առաջին հերթին պետք է ապահովի՝
ա. միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների լիարժեք կազմակերպումը,
բ. ընտրության եւ քվեարկությունների գործընթացի լիարժեք վերահսկելիությունը, ինչը ենթադրում է նաեւ տեղամասային քվեարկության արդյունքների չեղյալ համարելու եւ վերաքվեարկություն կազմակերպելու հնարավորություն, որից հետո միայն կարող են ամփոփվել ընտրությունների արդյունքները,
գ. ընտրության արդյունքներում խորհրդարանական կայուն մեծամասնության չձեւավորման պարագայում քաղաքական կոալիցիայի ձեւավորման հնարավորություն,
դ. կայուն խորհրդարանական մեծամասնության եւ կոալիցիայի չձեւավորման պարագայում ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլի կազմակերպում:
Այս բոլորը ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված հաջորդայնությամբ կարող են իրականացվել, եւ ընտրական գործընթացի բնականոն ընթացքը կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ ընտրություններն անցկացվեն ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60 օր եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ:
Այսպիսով, հաշվի առնելով նոր ընտրական համակարգին բնորոշ մի շարք հնարավոր գործընթացներ (օրինակ՝ կոալիցիաների ձեւավորման ժամկետները, ընտրությունների երկրորդ փուլի իրականացման հնարավորությունը, ընտրությունների արդյունքների բողոքարկման արդյունքում վերաքվեարկությունը եւ այլն) ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածով նախատեսվել է հենց 60 օր եւ 50 օր ժամանակացույցը, որի պայմաններում միայն հնարավոր կլինի ապահովել օրենսդիր իշխանության հաջորդայնությունը եւ չառաջացնել իշխանության վակուում:
Իրավական բովանդակության տեսանկյունից պարզ է դառնում, որ ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը լիարժեք համապատասխանում է հենց այս պայմաններին եւ դրանով նախատեսված կառուցակարգերը (այդ թվում՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված ժամանակացույցը) ուղղակի բխում են ՀՀ Սահմանադրության համակարգային մեկնաբանությունից:
Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության բովանդակային անհամապատասխանությանը, ապա մեր կարծիքով, այն հաղթահարվում է ՀՀ Սահմանադրության ինքնաբավության եւ սահմանադրական տեքստի ներքին միասնության երաշխավորման սկզբունքի կիրառմամբ, երբ անհամապատասխանության դեպքում գերապատվությունը տրվում է ոչ թե զուտ ընթացակարգային- կազմակերպական սահմանադրական կարգավորումներին, այլ ժողովրդավարական պետության հիմք հանդիսացող կարեւորագույն նշանակություն ունեցող սահմանադրական նորմերին եւ սկզբունքներին:
Փաստորեն, տվյալ պարագայում միայն դոգմատիկ պոզիտիվիստական մոտեցումից խուսափելով՝ հնարավոր կլինի արդյունավետ իրացնել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված առանցքային նյութական դրույթները. դրանք են՝ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով նախատեսված ՀՀ քաղաքացիների ակտիվ եւ պասիվ ընտրական իրավունքը, 75-րդ հոդվածով նախատեսված իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր օրենսդրությամբ սահմանելու պարտավորությունը եւ 89-րդ հոդվածով նախատեսված նոր ընտրական համակարգի արդյունավետ իրացման պարտավորությունը:
Հետեւաբար, ՀՀ Ազգային ժողովը, գործնականում 3/4-ից ավելի ձայների մեծամասնությամբ ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրքը, դրանում իրացնելով ընտրական նոր համակարգի սահմանադրական պահանջները, հնարավորություն է տվել ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ սահմանված՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրական համակարգի իրականացումը, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի իրավական բովանդակությունից բխող դրույթների պատշաճ իրականացումը եւ խուսափել ընդհուպ հնարավոր սահմանադրական ճգնաժամից»: