Ռազմական որեւէ գործողություն, առավել եւս նոր պատերազմ չի կարող բերել Արցախի խնդրի լուծման: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, Հայկական բանակի 25-րդ տարեդարձի առթիվ պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթն ամբողջությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հայկական բանակի օրվա եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձիկապակցությամբ:

Հայկական բանակը ստեղծվեց մեր պետականության վերականգնմանը զուգընթաց: Սակայն բանակի կազմավորումը սկսվել էր ավելի վաղ: Այն սկսվել էր ոչ թե վերեւից, այլ ներքեւից՝ ինքնաբուխ ձեւով եւ ժողովրդի ինքնապաշտպանական բնազդով: Սումգայիթում, Բաքվում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում ծավալված դաժան իրադարձությունները վերարթնացրին մեր պատմական հիշողությունը՝ կոտորածների եւ գաղթի ճանապարհների սահմռկեցուցիչ տեսարաններով: Տարերայնորեն ձեւավորվող, բայց խորապես գիտակցված կամավորական շարժումը եւ կամավորների առաջին ջոկատները դարձան այն խարիսխը, որի վրա պիտի բարձրանար փառավոր ու հաղթական մի բռունցք՝ Հայկական բանակը:

Մենք որպես ազգ համախմբվեցինք: Այդպես վերջին անգամ համախմբվել էինք Սարդարապատում: Մեզ չվախեցրին հակառակորդի գերազանցող ռեսուրսները: Ավելին, այդ հանգամանքը մեզ ստիպեց լրջանալ, հավաքվել եւ կենտրոնանալ:

Մեր բանակը ձեւավորվեց կռվի դաշտում: Իսկ թշնամու դեմ պատերազմը վարում էինք բառի բուն իմաստով մեր տան մեջ:

Հիշեմ մի եղելություն. մարդը կռվում է զենքը ձեռքին իր տան պատերից ներս: Պատշգամբից նահանջում է խոհանոց, ապա, կռվելով, նահանջում է ճաշասենյակ, հետո նորից հետ է գրավում, ազատագրում իր խոհանոցն ու պատշգամբը: Սա փոխաբերություն չէ: Սա կոնկրետ օրինակ է Քարինտակի հերոսամարտից:

Մեզ պարտադրված պատերազմը մեր ողջ ժողովրդին դարձրեց բանակ: Սա է իրականությունը:

Մյուս կողմից՝ մենք կարիք ունեինք արհեստավարժ, փորձառու եւ ռազմարվեստին խորապես տիրապետող կադրային սպաների: Մեզ հաջողվեց անցնցում կերպով, ներդաշնակորեն միահյուսել զինվորականների մասնագիտական հմտություններն ու աշխարհազորի բարձր մարտական ոգին: Մենք գիտակցում էինք, որ ֆիդայությունը, իր ողջ հերոսականությամբ հանդերձ, այլեւս հեռանկար չուներ: Եկել էր կանոնավոր բանակ ձեւավորելու ժամանակը: Եվ Խորհրդային Միության ողջ տարածքից հայրենիքի կանչով վերադարձած զինվորականները իրականացրեցին այդ բարդ աշխատանքը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Քառորդ դար առաջ, Վազգեն Սարգսյանի հրամանով մեր բանակը դարձավ պետական հաստատություն: Այդ օրվանից ի վեր մենք արդեն ինքնապաշտպանական պատերազմ էինք վարում պետականորեն: Այդ օրից սկսած գրվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նոր եւ փառավոր տարեգրությունը:

Այդ տարեգրության բազմաթիվ էջեր եւ հերոսներ արդեն իսկ դասագրքերում են: Ավելին, այդ տարեգրությունը դարձել է մեր ազգային ինքնագիտակցության անքակտելի մասը: Այդ տարեգրությունը մեր արժանապատվությունն է, մարդկային ու ազգային ինքնասիրությունը, մեր ազատության վավերագիրը:

Բազմիցս շեշտել եմ, որ ռազմական որեւէ գործողություն, առավել եւս նոր պատերազմ չի կարող բերել Արցախի խնդրի լուծման: Ավելին, նոր պատերազմը կդառնա առանց այդ էլ բարդ խնդրի նոր, ծանր բաղկացուցիչ եւ ո՛չ խնդրի լուծում:

Նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները մի ավելորդ անգամ (շեշտում եմ «ավելորդ» անգամ) եկան ապացուցելու մեր հակառակորդներին, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ճանապարհը ողբերգական է եւ փակուղային: Այսինքն՝ դա ճանապարհ չէ:

Այդ իրադարձությունները նաեւ ակնհայտորեն ցույց տվեցին, թե որքան կենսական եւ անփոխարինելի կարեւորություն ունի Արցախի շուրջը ստեղծված անվտանգության գոտին: Մենք չենք պատրաստվում եւս մի տեւական պատերազմ վարել մեր սեփական տան պատշգամբում եւ խոհանոցում: Մենք դա արդեն արել ենք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր նահատակների թափած արյունը գին է, որ մենք վճարել ենք հանուն մեր ազատության եւ ապագայի: Այսօր երախտապարտ սերունդները գլուխ են խոնարհում մեր անմահների հիշատակի առջեւ եւ պատվով շարունակում են իրենց հայրերի ու պապերի հայրենանվեր գործը:

Այսօրվա զինվորականներն ու զորակոչիկները, արդեն նոր կառույցների եւ սպառազինության պայմաններում, շարունակում են կատարելագործվել եւ զարգանալ, շարունակում են լինել Հայաստանի եւ Արցախի հուսալի վահանը: Խաղաղության ավելի ամուր պաշտպան եւ խաղաղության ավելի համոզված կողմնակից, քան հայկական բանակն է, ներկա պայմաններում դժվար է գտնել:

Հաջորդ քսանհինգ տարիները մեր բանակի համար լինելու են որակական նոր վերելքի տարիներ։ Սպայությունը` որպես մեր ազգային մտավորականության առանձնահատուկ շերտ, ունենալու է ավելի բարձր հասարակական վարկ ու կշիռ, ունենալու է ավելի բարձր մասնագիտական, այդ թվում՝ տեխնոլոգիական պատրաստվածություն։ Զորակոչիկների համար ծառայությունը դառնալու է իսկապես կյանքի դպրոց՝ սկսած ռազմական հմտություններից, վերջացրած քաղաքացիական եւ հոգեբանական պատրաստվածությամբ։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձը մեծ տոն է՝ շատ մեծ տոն: Կրկին շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում եմ ոգու արիություն, անկոտրում կամք եւ խաղաղություն: