Yelaket.am-ը գրում է.

«Կոկա-Կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա»-ն հայկական պատմամշակութային արժեքները օգտագործում է սեփական կոմերցիոն նպատակներով: Նախորդ տարվա սեպտեմբեր ամսին հայտնի դարձավ, որ «Կոկա-Կոլա»-ի շշերի վրա պատկերվելու են հայկական պատմամշակութային բարձր արժեք ներկայացնող հուշարձաններ: Ավելին, այս հարցի շուրջ ՀՀ մշակույթի նախարարության և «Կոկա-Կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա»-ի միջև ստորագրվել է համաձայնագիր:

Այս նախաձեռնությունը մի շարք մարդկանց և փորձագետների կողմից ընկալվել է, մեղմ ասած, ոչ դրական: Շատերը տարակուսում են, թե որքանո՞վ է ճիշտ նման արժեք ունեցող հուշակոթողներն ու ազգային արժեքները ծառայեցնել մեկ ընկերության շահերին:
Ըստ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի.
«Արգելվում է այն գովազդը, որում խախտվում է գովազդի պատշաճությունը, այն է՝
ա) վարկաբեկում է բարոյականության համընդհանուր և ազգային նորմերը.
բ) պարունակում է ռասային, ազգությանը, մասնագիտությանը կամ սոցիալական ծագմանը, տարիքային խմբին կամ սեռին, լեզվին, կրոնական և այլ համոզմունքներին վերաբերող վիրավորական արտահայտություններ, համեմատություններ և պատկերներ.

գ) ուղղակի կամ անուղղակի ձևով արատավորում կամ անհարգալից վերաբերմունք է արտահայտում պետական խորհրդանիշների /զինանշանի, դրոշի, օրհներգի, դրամանիշի և այլն/ նկատմամբ»:
Օրենքի սույն հոդվածը կարելի է մեկնաբանել տարբեր կերպ: Քանի որ ՀՀ քաղաքացիները միշտ առանձնացել են ընդգծված վերաբերմունքով դեպի սեփական երկրի արժեքները, յուրահատուկ վերաբերմունք են դրսևորում պատմամշակութային արժեքների և կոթողների նկատմամբ, ապա հասկանալի է արձագանքը «Կոկա-Կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» վերոնշյալ քայլի նկատմամբ: Հայաստանի պատմական անցյալն ու անցած դժվարին ճանապարհն են ստիպում մարդկանց բարձր գնահատել նման հուշակոթողներն ու արժեքները: Հետևաբար ՀՀ պատմամշակութային արժեքների պատկերումը մի ըմպելիքի շշի վրա, որը փաստացի վտանգ է ներկայացնում մարդու օրգանիզմի համար, հնարավոր է նաև արդարացի է արժանացել քննադատության: Վերոնշյալ օրենքի մեկ այլ հոդվածի համաձայն. «Արգելվում է գովազդ տեղադրել թանգարաններում, պատմական և ճարտարապետական հուշարձանների ներսում, ինչպես նաև պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում և նրանց տարածքում» (Հոդված 11):

Հարց է ծագում. Ի՞նչ տրամաբանությամբ է պատմական և ճարտարապետական հուշարձանների ներսում արգելվում գովազդի տեղադրումը, իսկ նույն կառույցների օգտագործումը կորպորատիվ նպատակներով՝ ոչ:
Եթե առաջնորդվենք նման տրամաբանությամբ, ապա հնարավոր է շուտով նույն ընկերությունը որոշի թողարկել մեր կողմից պատրաստված օրինակներից մեկը: Կհամաձայնվենք, եթե մեզ մեղադրեք էթիկայի սահմաններից դուրս գալու մեջ, բայց պատկերացրեք, որ այս պիտակները կարող են «իրական դառնալ»:
Այն, որ տվյալ ըմպելիքը երկարատև կիրառման հետևանքով առաջացնում է լուրջ առողջական խնդիրներ, բազմիցս ապացուցվել է: 2006թ.-ին Ռուսաստանի մերձմոսկովյան շրջանի բնակչուհի Նատալյա Կաշուբան հաղթեց «Կոկա-Կոլա»-ի դեմ դատական գործում: Ճիշտ է, ընկերությունը փոքր գումար վճարեց նրան, սակայն սա ՌԴ-ում գրանցված առաջին նախադեպն էր: Ընկերությունը վճարեց Նատալյայի մոտ առաջացած գաստրիտի բուժման ծախսը: Նա կարողացավ հաղթել դատարանում հիմնվելով այն փաստի վրա, որ ընկերության շշի պիտակների վրա չկա ոչ մի հակացուցում և ընկերությունը չի զգուշացնում սպառողներին, թե ինչ հետևանքներ կունենա ըմպելիքի հաճախ օգտագործումը:

«Կոկա-Կոլա»-ն դատական հայցերի գործում առաջատար է հանդիսանում: Գերմանիայի Էսսեն քաղաքի բնակիչը մեղադրեց ընկերությանը իր մոտ առաջացած շաքարային դիաբետի մեջ և կարողացավ որպես փոխհատուցում ստանալ 11 հազար մարկ: Մեկ այլ դեպք. Նոր Զելանդիայի բնակիչը դատարան դիմեց ընկերության դեմ՝ պնդելով, որ գնված Կոկա-կոլայի շիշը պայթել է իր մեքենայի մեջ և հոգեբանական վնաս հասցրել իր ընտանիքին: Ընտանիքի յուրաքանչյուր անդամը ստացավ 76 հազար դոլար փոխհատուցում: Հարավային Կորեայի բնակիչը 30 տարի Կոկա-կոլա օգտագործելու արդյունքում կորցրել է 11 ատամ և կրկին ստացել փոխհատուցում: