«Արմենիա» հեռուստաընկերության գարնանային նոր եթերաշրջանում եթերում կլինի նաև «Ֆուլ հաուս»-ի 6-րդ եթերաշրջանը: Մարտ ամսի կեսերից հեռուստադիտողը կրկին կարող է տեսնել արդեն սիրված դերասաններին իրենց պատմություններով, իսկ նոր եթերաշրջանում նրանց կմիանան նաև նոր հերոսներ: BlogNews.am-ի հետ բացառիկ զրույցում սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը պատմեց նոր եթերաշրջանի զարգացումների մասին. «Այս եթերաշրջանի սյուժեն կունենա մի փոքր այլ զարգացումներ, քանի որ 5-րդ եթերաշրջանն անսպասելի ավարտ ունեցավ հեռուստադիտողի համար՝ միացան Ֆելիքսը և Տաթևը, փոխարենը բաժանվեցին Լիկան և Արսենը։ Այս եթերաշրջանում նրանց գծերը կունենան տարբեր զարգացումներ: Շատ չեմ բացի փակագծերը, միայն կասեմ՝ ամեն ինչ անում ենք, որ եթերաշրջանը լինի մաքսիմալ հետաքրքիր և փորձում ենք շեղել սպասված և կանխատեսելի զարգացումներից»:
Արմենը նշում է, որ նոր եթերաշրջանում չեն լինի Լիլիթի և Իշխանիկի կերպարները, քանի որ նրանց գիծն արդեն ավարտվեց, փոխարենը կշարունակվեն Զառայի կերպարի զարգացումները. «Այս եթերաշրջանում Հրաչի կերպարը կլինի վայբեռային միացումներով, քանի որ այս փուլում նա պետք է լինի ԱՄՆ-ում և չի կարող գալ Հայաստան: Կունենանք նաև երկու նոր դերասան՝ Հայկ Պետրոսյանը և Թամարա Պետրոսյանը: Հայկը պատգամավորի տղայի կերպարում է, ով կապ է ունենալու Լիկայի հետ, քանի որ 5-րդ եթերաշրջանում պարզվեց, որ կա մի երիտասարդ, ով Լիկայի հայրիկի ընկերոջ տղան է, իսկ Թամարա Պետրոսյանն օգնելու է Սերգեյին, որպեզի Տամարան ապահարզան պահանջի»:
Խոսելով «Ֆուլ հաուս»-ի ներկայացումների մասին` Արմենը նշեց. «Այս տարի ցանկանում ենք Հայաստանում նույնպես շարունակել ներկայացումները և հիմա մտածում ենք՝ անել ավելի թարմացված ծրագի՞ր, թե՞ խաղանք նույն ծրագրով: Արդեն պլանավորած ներկայացումներ ունենք. 2018 թվականի փետրվարին կլինենք ԱՄՆ-ում, ինչպես նաև համերգներ կունենանք Ռուսատասանում և Եվրոպայում»: