Ադրբեջանցի մասնագետներն առաջարկում են Չինաստանի փորձի օրինակով Ադրբեջանում «զուգարանային հեղափոխություն» իրականացնել՝ հանուն տուրիզմի զարգացման:
Ըստ haqqin.az-ի՝ Ադրբեջանի Տուրիզմի ասոցիացիայի նախագահ Նահիդ Բաղիրովը խոստովանել է, որ դժվար է զարգացնել տուրիզմը, երբ երկրում զուգարանները շատ քիչ են: «Մայրաքաղաքում հանրային օգտագործման զուգարաններ չկան բազմաթիվ հանգստի վայրերում (օրինակ՝ լողափերին): Բայց Ադրբեջանում զբոսաշրջիկներն այդ խնդրին բախվում են հիմնականում շրջաններ այցելելիս: Թվում է՝ մանրուք է, բայց իսկապես խնդիր է զբոսաշրջիկների համար»,- հայտարարել է Բաղիրովը:
Սպառողների միության ղեկավար Էյուբ Հուսեյնովն իր հերթին haqqin.az-ին հայտնել է, որ հանրային զուգարաններն Ադրբեջանի գլոբալ խնդիրն են: «Նույնիսկ մեծ ճանաչում վայելող ռեստորաններում զուգարանները վատ վիճակում են: Ես պարբերաբար ստիպված եմ լինում նկատողություն անել Բաքվի հանրային սննդի օբյեկտների սեփականատերերին: Իսկ մարզերում վիճակն ավելի վատ է: Բազմաթիվ երկրներում զուգարաններ կան նույնիսկ անտառներում, իսկ Ադրբեջանում նույնիսկ բնակավայրերում դրանք բացակայում են»,- հայտարարել է Հուսեյնովը: