Բժիշկները կարծում են, որ սերը հիվանդություն է, հոգեբանները պնդում են, որ աֆեկտային վիճակ է, պոետները համոզված են, որ սերը ոգեշնչման անսպառ աղբյուր է, և միայն մենք՝ հասարակ մահկանացուներս, այդպես էլ չենք հասկանում այդ տարօրինակ երևույթը:
Պարզվում է՝ սերն այնքան էլ անբացատրելի չէ, ինչքան թվում է առաջին, գուցե և երկրորդ հայացքից: Դեռևս Հին Հույները առանձնացրել են սիրո և կապվածության տարատեսակներ: Իսկ ահա 2-րդ դարի կեսերին կանադացի սոցիոլոգ Ջոան Ալան Լին ավելի հեռուն է գնացել՝ զարգացնելով և ամբողջացնելով սիրո հունական տիպաբանությունը: Նրա հետազոտական աշխատանքն անվանվում է ‹‹Սիրո վեց գույները››: Այսպիսով՝ կա սիրո 6 տարատեսակ:
Որո՞նք են դրանք:
Ագապե. բյուրեղային մաքրություն ունեցող, ալտրուիստական սեր: Նա, ով սիրում է ագապե եղանակով, ամբողջովին նվիրվում է սիրելիին, տարրալուծվում է նրանում, ձուլվում նրան և պատրաստ է ներել ամեն ինչ, դիմանալ ամեն ինչի, նույնիսկ այնպիսի բաների, որոնց դիմանալ հաստատ չարժի:

Ստրոգե. սեր-ըմբռնում, սեր-հոգատարություն: Ստրոգե եղանակով սիրողները մշտապես օգնում, աջակցում են միմյանց, հիանում իրարով: Այս սերը զուրկ է սիրային խենթ ու խելառ դողէրոցքից: Այն միանգամից չի ծագում, այլ առաջանում է ժամանակի ընթացքում: Ստրոգե սիրահարները վստահում են միմյանց, նրանց սիրո հիմքում հոգևոր, պլատոնական կապն է: Ստրոգեն սիրո բոլոր տեսակներից ամենաամուրն է և հարատևը: Այսպիսի զգացմունքն ընդունակ է անգամ մեծ տարածություններ ու հեռավորություններ հաղթահարել:

Պրագմա. հավասարակշռված, պրակտիկ սեր: Այսպիսի սերը չի անջատում ուղեղը, և մարդն ի վիճակի է ընտրելու, թե ում սիրել: Հիանալի է, այնպես չէ՞: Կա հնարավորություն հազարավոր թեկնածուների դիտարկելու և ընտրելու այն մեկին, ով առավելագույնս համապատասխանում է քեզ: Սա չի նշանակում, որ պրագման չի ներառում լուրջ և ամուր զգացմունքներ: Պարզապես պրագմատիկը չի կարող իրեն թույլ տալ սիրել մեկին, ով իր սիրուն արժանի չէ: Սակայն եթե նրան հաջողվի գտնել ճիշտ և համապատասխան մարդու, ապա նրա սերը կձգվի մինչև կյանքի վերջ:

Մանիա. ուժեղ, բուռն, կլանող սեր: Թերևս սիրո ամենավտանգավոր տեսակը: Վիճակ, որը մոտ է խելացնորության և վերաճում է հոգեգարության (փսիխոզ): Մանիայով տառապողը պարզապես ի վիճակի չէ ազատվելու սիրային մոլուցքից: Սիրո օբյեկտը նրան հաջորդաբար պարգևում է մե՛կ դրախտային երջանկություն, մե՛կ դժոխային տառապանք: Եվ այս իրավիճակը կարող է ձգվել տարիներ: Երբեմն մանիայով տառապողին հարկավոր է լինում բժշկական միջամտություն՝ այս մոլուցքից ազատվելու համար: Այստեղ է ասված՝ սերը հիվանդություն է:

Լադուս. առանց պարտավորությունների սեր, թեթև ֆլիրտ: Ոչնչի չպարտավորեցնող խաղ-զգացմունք: Ի դեպ՝ լադուսը զգացմունքների էքսկլյուզիվություն չի ենթադրում. լադուս եղանակով սիրողները կարող են ունենալ միաժամանակ բազում սերեր: Այո՛, ի՞նչ կա որ:

Էրոս. ֆիզիկական ձգողության վրա հիմնված սեր: Էրոսը, կրակի կայծի պես ծագելով, արագ տիրանում և կլանում է մարդուն ամբողջությամբ: Սակայն որքան արագ է ծագում, նույնքան արագ էլ մարում է: Էրոսը պարզապես չի կարող երկար տևել: Նմանատիպ զգացմունքը արագ է հանգում և չի կարող բերել լուրջ հարաբերությունների:


Ջոան Լիի թեորիան մեծ հետաքրքրություն առաջացրեց ողջ աշխարհի սոցիոլոգների և անթրոպոլոգների մոտ: Նրանք սկսեցին հետազոտել, ստուգել, վերլուծել Լիի առաջ քաշած սիրո տեսակները: Ի վերջո նրանք եկան այն եզրակացության, որ լիարժեքորեն սեր կարող են համարվել նշվածների միայն երեքը՝ ագապե, ստրոգե, պրագմա: Մնացած երեքը հիվանդություն, պատրանք, մոլուցք և այլ չարորակ զգացողություններ են, որոնք փորձում են սիրո շղարշի ներքո ներկայացնել:
Իհարկե, սա սերը բացատրելու միակ փորձը չէր: Բոլոր ժամանակների ամենապայծառ ուղեղներն իրենց ժամանակ անդրադարձել են այս միստիկ զգացմունքին և փորձել այն սահմանել: Արիստոտելը կարծում էր, որ սիրո գերագույն նպատակն ընկերությունն է: Ջորդանո Բրունոն պնդում էր, որ սերը գեղեցիկի ձգտումն է: Սպինոզան գտնում էր, որ սերը կապված է լիովին ճանաչման հետ: Իսկ Զիգմուն Ֆրեյդի առաջ քաշած վարկածներն արժանի են մի առանձին հոդվածի:
Այսպիսով, այնուամենայնիվ, դժվար է սիրուն հստակ և միանշանակ սահմանում տալը, քանի որ այն յուրաքանչյուրիս համար կարող է ունենալ իր առանձնահատուկ երանգավորումը: Համենայն դեպս, անկախ ամեն ինչից՝ մի բանում բոլորն էլ համակարծիք են՝ սերը, փոխադարձ սերը, պարգև է: Անգամ եթե դուք դեռ չեք հանդիպել ձեր սիրուն, մի՛ հուսահատվեք, դա անպայման կպատահի, գուցե մի քանի տարուց, ամսից, անգամ այս հոդվածն ընթերցելուց րոպեներ անց: