Իր կարիերայի ընթացքում Ադրբեջանի ամենանշանավոր հետաքննող լրագրողներից Խադիջա Իսմայիլովան բազմիցս հետապնդման է ենթարկվել, բացի այդ, նրան արգելել են երկրից դուրս գալ, համացանցում շրջանառվել են նրան վարկաբեկող տեսանյութեր, նա 17 ամիս անցկացրել է ազատազրկման մեջ: Սակայն, ինչպես ինքն է նշում, այն, ինչ տեղի է ունեցել փետրվարի 6-ին Եվրախորհրդարանի նիստում տեսաուղերձով ելույթ ունենալու ժամանակ, կարող է նշանավորել նոր փուլ, գրում է «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունը:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողը պետք է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված ելույթով հանդես գար: Քանի որ նա անցած տարի ազատ էր արձակվել՝ երկրից դուրս չգալու պայմանով, ստիպված է եղել ելույթ ունենալ տեսակապի միջոցով:
Նախատեսված քննարկումից 20 րոպե առաջ, Իսմայիլովայի խոսքով, անջատվել է նրա ինտերնետային կապը, իսկ հինգ րոպե անց՝ էլեկտրականությունը, ընդ որում՝ ոչ միայն իր տան, այլև քաղաքի ամբողջ թաղամասի համար:
Այնուհետև երկու գլխավոր պրովայդերները դադարեցրել են ծառայությունը՝ սահմանափակելով տեսաուղերձի նրա հնարավորությունը: Լրագրողը նշել է, որ նկատել է իր տան մոտ կայանված երկու մեքենա՝ արբանյակային ալեհավաքներով:
Իսմայիլովան տաքսի է կանչել և սկսել է շրջել Բաքվով՝ համացանցի ազդանշան փնտրելով:
«Այսպիսով՝ ես մեքենայով շրջում եմ քաղաքով՝ փորձելով բջջային ցանցի միջոցով որսալ ինտերնետային ազդանշանը: Հուսով եմ՝ այն չի անջատվի իմ խոսքի կեսին»,- հայտնել է Իսմայիլովան Բրյուսելում հավաքված լսարանին:
Իսմայիլովան կարողացել է մի քանի րոպե խոսել, իսկ ավելի ուշ, երբ թունելի մոտենալուն պես տաքսին փորձել է կայանել՝ ազդանշանը չկորցնելու համար, մեքենային են մոտեցել երեք ոստիկանական մեքենա և երկու այլ մեքենա՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններով, որոնք շրջապատել են մեքենան:
Ի վերջո՝ Իսմայիլովան հասցրել է ավարտել իր խոսքը և անգամ պատասխանել մեկ հարցի, այնուհետև նա կորցրել է ազդանշանը և այլևս չի կարողացել վերականգնել կապը:
Նրա հեռախոսային ծառայությունը վերականգնվել է մեկ ժամ անց:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, Իսմայիլովայի ելույթը համընկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի հետ, որը Բրյուսել է այցելել Եվրամիության և երկրի միջև նոր համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ խոսելով լրագրողների առաջ՝ Ալիևն իր խոսքի ընթացքում չի խոսել մարդու իրավունքներից: Տուսկը, միևնույն ժամանակ, նշել է, որ իրենց հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների խնդրին:
«Ես շեշտել եմ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, այդ թվում արտահայտման ազատության կարևորությունը»,- ասել է նա:
Ալիևն ավելի ուշ չեղյալ է հայտարարել Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հետ հանդիպումը, չնայած, պարզ չէ, թե արդյոք դա կապված է եղել քննարկման հետ, որի ընթացքում ելույթ էր ունեցել Իսմայիլովան: