Yelaket.am-ը գրում է.
«Վիվա-Սելլ» ՄՏՍ-ի և «Նաիրի» Ինշուրանս ապահովագրական ընկերության համագործակցությունն ավելի է ջերմանում: Ապահովագրական ընկերությունը «Վիվա-Սելլ»-ի բաժանորդներին պարբերաբար հաղորդագրություններ է ուղարկում, որով առաջարկում է կնքել ապահովագրական պայմանագիր ՎիվաՍելլ-ՄՏՍ ապասարկման կենտրոնում և ստանալ մինչև 3000 դրամ լիցքավորում կանխավճարային համարին:
Մենք պարզեցինք, որ հաղորդագրությունում ներկայացված է թերի ինֆորմացիա: Նախ, խոսքը գնում է միայն ավտոմեքենաների ապահովագրության մասին, և երկրորդ՝ 3000 դրամ լիցքավորումն իրականացվում է միայն 45 000 դրամ և բարձր արժողությամբ պայմանագիր կնքելու դեպքում:
Նշենք, որ միջինում (օրինակ) ԱՊՊԱ պայմանագրերի արժեքը սկսվում է մոտ 30 000 դրամից:
Բացի այս, «Նաիրի» ապահովագրական ընկերությունն այնքան էլ բարի համբավ չի վայելում: Բազմաթիվ են դեպքերը, երբ ընկերությունը հրաժարվում է վճարել վարորդներին: Օրինակ, 2015թ.-ին «Նաիրի Ինշուրանս»-ը փորձում էր հետ գանձել վարորդին վճարված գումարը: Այս մասին գրել է Shamshyan. com-ը՝ նշելով, որ վարորդ Ազատ Հովհաննիսյանն այնքան է վստահ եղել սեփական իրավացիության մեջ, որ անգամ ներքաշվել է երկարատև դատական պրոցեսի մեջ:
2014թ.-ին «A1+»-ը հրապարակեց տեսանյութ, որը ևս մեկ վարորդի մասին էր, ով իրեն խաբված է համարում: Խոսքը Արթուր Իչմիլյանի մասին է, ով ավտովթարի տուժող կողմն է, սակայն նրան հրաժարվել են փոխհատուցել՝ հաշվի չառնելով նաև, որ մյուս վարորդն ընդունել է իր մեղքը:
Նշենք, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով «Նաիրի Ինշուրանս»-ը ըստ համախառն ապահովագրավճարների առաջին եռյակում է:
Կարևոր հանգամանք է նաև, որ «Նաիրի Ինշուրանս» ընկերությունում 60 տոկոս բաժնետեր է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ 774 միլիոն դրամ կանոնադրական կապիտալով: Չնայած ընկերությունը «նպատակահարմար է գտնում չհրապարակել բաժնեմասերի ծավալը», բայց այս մասին խոսվել է մամուլում:
Նյութի աղբյուրը՝ Yelaket.am