Հայաստանում և մասնավորապես Երևան քաղաքում թափառող կենդանիների չլուծվող խնդրի մասին խոսել ենք բազմիցս: Այս անգամ YN.am-ի լրագրողին հաջողվել է ձեռք բերել սարսափելի կադրեր, որոնցում ուղղակի ոչնչացվում են թափառող շները: Կադրերն ու լուսանկարները խորհուրդ չի տրվում դիտել նյարդերից թույլ մարդկանց:
Այս տեսանյութերը մեզ է հանձնել Հրազդան քաղաքի բնակչուհի Սյուզաննա Անանյանը, ում շատ է հուզում նրանց ճակատագիրը: Մեզ հետ զրույցում նա պատմեց.

- Այնքան շատ են այստեղ շները, ես նրանց համար այդ ցուրտ օրերին կեր էի գնել ու ուզում էի կերակրել: Մի քանի օր է տևել այդ սարսափելի սպանդը: Կրակում էին, առավոտյան 10-ից սկսեցին կրակել մինչև 12-ը, 1-ը: Շների վայնասունը գցել էին, կրակոցների ձայներն ամեն տեղից գալիս էր, շների ողբը, ձայնը, վազում էին այստեղ, վազում էին այնտեղ: Անտանելի վիճակ էր: Ես պատահական մոտեցա լուսամուտին, տեսա շունը պոչը խաղացնում է, մեկ էլ, տեսնեմ այդ մեքենան մոտեցավ, շանը կիսամեռ վերցրեց շպրտեց մեքենան, հոգեկանս խանգարվեց: Հագնվեցի, դուրս եկա... այս շան մոտից վազում էի այն շան մոտ, մյուսից մյուսի մոտ, մեկ հատն էլ ճանապարհին ընկած էր, դրան նկարեցի: Հետո տեսանյութ ունեմ, որտեղ կոնկրետ նկարել էի խփողին, մեքենայով: Դե իրենք հրաման կատարողներ են, չեմ ասում, որ դա իրենց նախաձեռնությունն էր:

- Իսկ կարո՞ղ եք նշել թե դա ում «նախաձեռնությունն» էր:

- Մեկը համատիրության նախագահն է, «կապիկ Վարդան» են ասում, կարմիր ժիգուլին իրենն է: Մի տեսանյութը, որտեղ ես իրեն եմ նկարել, ջնջվել է հեռախոսիս միջից: Տեսանյութում ինքն ասում է մի նկարիր ինձ: Այդ մեկն ավելի երկար եմ նկարել, կռվում ենք դրանց հետ: Այնտեղ մի հատ փոքր շունիկ կա, հարցնում են իմ աղջկան՝ սա քո շունն ա, որ կրակեն թե չէ: Փոքր շուն է, հետն էլ խուլ: Ես կփորձեմ այն վերականգնել ուղարկել: Կոնկրետ «կապիկ Վարդանի դեմքը նկարած է:

Ես անընդհատ պատերազմի մեջ եմ այս շներին կերակրելու համար կոնկրետ, թեկուզ հենց հարևանների հետ: Մարդիկ կան, որ գիշերը գողություն են անում, իրենց ձեռք չի տալիս շների ներկայությունը: Ես էլ անընդհատ կերակրում եմ, շները շենքի կողքերն են: Մի անասնաբույժ կա, որ երեք հատ շուն թույնեց, ինքը նաև դեղատուն ունի այստեղ: Անտանելի բաներ են կատարվում այստեղ:

Իմ տեղեկություններով, 280 հատ շուն են խփել այդ օրերին: Դա հարևաններից եմ լսել:
Այդ շները մարդկանց համար վտանգ չեն ներկայացնում, պարզապես այնքան շատ են, շատ-շատ են: Ոչ ոքի նեղություն չեն տալիս, ուղղակի անընդհատ ձագ են բերում: Մարդու վրա հարձակվելու դեպք չի եղել: Միայն, երբ նրանց կատաղեցնում են: Այդ նույն անասնաբույժը, որ ասում եմ շանտաժիստ է: Ինքը գող է, գիշերները գողություն է անում՝ շինանյութ: Դե այդ շներն էլ այստեղ են, որպեսզի նրանց մոտ ագրեսիա առաջացնի ուղղակի քարով կամ ուրիշ բանով հարվածում է: Դե շներն էլ գազազում են: Հետաքրքիր է, որ այդ շունը միայն իր ընտանիքի վրա է հաչում: Երբեք չի եղել, որ կծի, բայց դե վախենում են, իբր:

- Տեղյակ եք, թե՞ կա որ կառույց կամ կազմակերպությունն է զբաղվում այս խնդրով:

- Այստեղ թափառող շների հարցով քաղաքապետարանն է զբաղվում, ոչ մի կազմակերպություն էլ չկա:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի հանրակացարանների, առևտրի կենտրոնի մոտակայքում, բայց, ինչպես նշում է քաղաքացին, նույնպիսի վիճակ է բոլոր թաղամասներում: Շներին անխղճորեն սատկացրել են:

Այս խնդրին անդրադարձել ենք բազմիցս, անգամ բաց նամակ  ենք հղել վարչապետ Կարեն Կարապետյանին: Կենդանիների հետ նման անխիղճ և դաժան վարմունքը Հայաստանի Հանրապետությանը որակային տեսանկյունից երկար տարիներով հետ է մղում զարգացման սանդղակից: Սա բնորոշ է քաղաքակրթության և զարգացվածության ցածր մակարդակ ունեցող երկրներին:

Եվս մեկ անգամ ցանկանում ենք հրավիրել պարոն վարչապետի, բոլոր պատասխանատու կառույցների ուշադրությունը այս խնդրի վրա: Եվ քանի որ տեսնում ենք, որ խնդիրը կրում է համատարած բնույթ, ապա ցանկանում ենք հրավիրել նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար պարոն Դավիթ Լոքյանի ուշադրությունը՝ հուսալով, որ այն լուծում կստանա: