ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական եւ տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Միացյալ Արաբական էմիրությունների նորանշանակ դեսպան Սայիֆ Մոհամմեդ ալ Զաաբիին (նստավայրը՝ Թեհրան):
Փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին`դիվանագիտական առաքելության ստանձման կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նա իր հետագա գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանը քննարկվեցին համագործակցության ընդլայնման, առեւտրատնտեսական կապերի զարգացման, միջկառավարական հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն արձանագրեցին, որ վերջին տարիներին զգալի քայլեր են արվել երկու երկրների միջեւ համագործակցությունը խորացնելու, դրանց գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ: Առեւտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից նրանք կարեւորեցին միջկառավարական հանձնաժողովի դերը: Քննարկվեցին հանձնաժողովի առաջին նիստի անցկացման ժամկետների, օրակարգի հետ կապված հարցեր:
Կողմերն անդրադարձան նաեւ Հայաստանում ԱՄԷ դեսպանության բացման անհրաժեշտությանը` ընդգծելով, որ դրանով նոր որակ կհաղորդվի երկկողմ հարաբերություններին:
Դեսպանը նշեց, որ Էմիրություններում հետաքրքրված են Հայաստանի հետ առավել սերտ համագործակցությամբ` պատրաստակամություն հայտնելով իր գործունեությամբ նպաստել փոխգործակցության խորացմանը: