Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջան: Նա ներկա է գտնվել հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական փուլին:
Զորավարժությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Իր խոսքում նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտպանության բանակի մարտունակության պատշաճ մակարդակի պահպանումը եւ նրա հետեւողական բարձրացումը հանդիսանում է մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը Արցախի անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ:
Այնուհետեւ Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված քաղաքի ջրամատակարարման համակարգի կապիտալ վերանորոգման ընթացքին վերաբերվող հարցերին:
Գործընթացի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Բակո Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է աշխատանքներն իրականացնել բարձր որակով եւ նախատեսված ժամկետներում՝ հավելելով, որ գործընթացը գտնվելու է իր անմիջական հսկողության ներքո: