Հայաստանի հավաականի ու Երևանի «Փյունիի» պաշտպան Տարոն Ոսկանյանը ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես են ընթանում ակումբի գործերը ու խոսել հավաքականի վերջին հանդիպումից:
- Տարո'ն, «Փյունիկն» ավարտեց իր ուսումնամարզական հավաքը: Ինչպե՞ս են ընթանում նախապատրաստական աշխատանքները:
- Ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի: Առաջին հավաքը շատ լավ անցավ հիմա արդեն պատրաստվում ենք երկրորդ հավաքին:
-Շատ լավ անցավ, որովհետև կարողացաք տեսնել ձեր թույլ կողմերն ու ուղղե՞լ դրանք:
- Հավաքի ընթացքում հիմնականում աշխատեցինք մարտավարական մտահաղացումների վրա, իսկ մեր թույլ կողմերը մենք գիտենք և մեր մարզչի օգնությամբ կփորձենք շտկել դրանք:
- Այս հավաքի ընթացքում աշխատում էիք նոր մարզչի հետ: Ռաֆայել Նազարյանին արդեն ծանոթ էիք երիտասարդական հավաքականից: «Փյունիկում» անցկացված մարզումները նմա՞ն են երիտասարդական հավաքականի մարզումներին, թե՞ այստեղ աշխատանքներն այլ կերպ են:
- Այնտեղ հիմնականում կարճ ժամանակով էինք հավաքվում, իսկ հիմա` «Փյունիկում» ավելի շատ ժամանակ ունենք պատրաստվելու համար: Իսկ ոճը չի տարբերվում, նույն մոտեցումներն են ու նույն խաղային փիլիսոփայությունը:
- Իսկ այդ փիլիսոփայությունը համապատասխանու՞մ է «Փյունիկին»:
- «Փյունիկն» արդեն երկար ժամանակ է, ինչ իր խաղային ուրույն ոճն ունի: Ինչ մարզիչ էլ գալիս է, գրեթե նույն ոճով ենք խաղում: Շատ քիչ բաներ են փոխվում:
- Ակումբի ֆուտբոլիստներից մի քանիսը նշել են, որ երկրորդ շրջանի համար «Փյունիկի» առջև դրված է ամեն խաղում հաղթելու առաջադրանքը: Որքանո՞վ դա կհաջողվի ձեզ, չէ որ ունեք վնասվածքներով ֆուտբոլիստներ:
- Այո ունենք վնասվածքներով ֆուտբոլիստներ, բայց հուսով եմ` նրանք շուտով կապաքինվեն ու կմիանան մեզ: Մնացել է ընդհամենը 10 խաղ և կփորձենք ամեն խաղում 3 միավոր վաստակել:
- Ի՞նչ սպասելիքներ ունեք gավաթի խաղարկությունից:
- Մենք մեր առջև միշտ էլ բարձր նպատակներ ենք դնում և ամեն ինչ կանենք, որ անցնենք հաջորդ փուլ և նվաճենք գավաթը:
- Խոսենք հավաքականի մասին: Առաջին խաղն անցկացրիք Լյուքսեմբուրգի դեմ: Ինչպիսի՞ խաղ էր:
- Դե բոլոր ֆուտբոլիստների մոտ էլ նախապատրաստական փուլ է, և դեռ լավ մարզավիճակ ձեռք չենք բերել, դրա համար էլ մեր հնարավորություններից ցածր հանդես եկանք: Ինչպես գիտեք փորձարկումներ էլ եղան, բայց կարծում եմ` նման վիճակով էլ պարտավոր էինք հաղթել Լյուքսեմբուրգին:
- Այսպիսի խաղից ավելի կարևոր է Չեխիայի հավաքականի դեմ հանդիպումը…
- Շատ քիչ ժամանակ է մնացել մինչև չեխերի դեմ խաղը: Պետք է շատ լավ պատրաստվել: Ես հավատում եմ, որ մենք մեր հարկի տակ և երկրպագուների աջակցությամբ հաջող խաղ կացկացնենք ու հաղթելով, կուրախացնենք մեր ազգին:
- Ի՞նչ կարելի է ակնկալել Հավաքականի համար այս տարի:
- Մեր հավաքականը բոլորին ցույց է տվել, թե ինչպես կարող է խաղալ: Մեր երկրպագուներին էլ արդեն բացի հաղթանակից ոչ մի արդյունք չի գոհացնում: Հուսով եմ` այս տարի այնպիսի հաջող տարի կլինի, որ մեր հայկական ֆուտբոլը դեռ չի ունեցել:
- Իսկ քո ակումբային կարիերայում հնարավո՞ր են փոփոխություններ:
- Դեռ կփորձեմ «Փյունիկում» և Հայաստանի առաջնությունում կայուն խաղ ցուցադրել, իսկ հետո տեսնենք, թե ինչպես կլինի: