Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին, այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ` անդրադառնալով վերջին օրերին լարվածության աճին:

Նա նշեց, որ չպետք է հավատալ ադրբեջանական ապատեղեկատվությանն ու սահմանային իրավիճակին անհրաժեշտ է հետևել ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ պաշտոնական հաղորդագրություններով, քանի որ ՊՆ-ն երբեք գաղտնիք չի պահում, իրավիճակը ներկայացնում է այնպես, ինչպես այն կա: Յուրաքանչյուր անգամ, երբ լինում են զինադադարի խախտումներ, դրանց մասին շատ բաց խոսվում է` նշելով, թե՛ խախտումների քանակը, թե՛ կիրառված միջոցները։

«Բոլորը պետք է իմանան, որ իրավիճակը լիովին վերահսկվում է: Որևէ մեկը թող չմտածի, որ այս խախտումները կարող են հուսահատեցնել կամ լարումը հասցնել այն աստիճանի, որ մենք երկնչենք մեր գործը կատարելուց։ Մեր զինվորները՝ որպես անկախության տարիներին ծնված ու մեծացած սերունդ, փայլում են իրենց ոգով, նվիրվածությամբ ու համոզվածությամբ, որ իրենց կատարած գործը անհրաժեշտ է բոլորիս»,- վստահեցրեց Վիգեն Սարգսյանը:

Նա նաև հիշեցրեց, որ երեկ եղել է Տավուշի սահմանամերձ գյուղերում և Նոյեմբերյանի գնդում։