«Հրապարակը» գրում է. «Ի պատասխան ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի հարցին, գյուղնախարար Սերգո Կարապետյանը վաղօրոք պատրաստած տեքստ էր ԱԺ-ում կարդացել, որտեղ ընդդիմությանը  մեղադրել էր «կարկուտը» շահարկելու մեջ, թեեւ հարցը կարկուտին չէր վերաբերում: Վարդանյանն իր զարմանքն էր հայտնել հարցի հետ կապ չունեցող պատասխանի վերաբերյալ եւ կոչ արել նախարարին վերադառնալ նախարարություն ու աշխատանքից ազատել այդ տեքստը գրողին:

Մենք տեղեկացանք, որ տեքստն իրականում գրվել է ոչ թե գյուղնախարարությունում, այլ նախագահականում, որտեղ փորձել են կանխատեսել ընդդիմության «շահարկումները» եւ նախարարին զինել «հզոր» պատասխանով:

Ասում են՝ Կարապետյանը փորձել է նախապես կազմակերպել, որ ընդդիմությունը կարկուտի մասին հարց hնչեցնի, հանրապետականները հանգստացրել են՝ անպայման մեկնումեկը կտա: Եվ երբ նա լսել է, որ ընդդիմությունն իրեն հարց է ուղղում, այնքան է ոգեւորվել, որ անգամ չի լսել  հարցը. նախագահականի հույսերն արդարացնելն այս պարագայում ավելի կարեւոր էր»: