Արմավիրիում կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու համար ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) առաջարկով բացվել է հաշվեհամար: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջինն արձագանքեց այդ առաջարկին եւ իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցեց՝ կոչ անելով մյուս պատգամավորներին հետեւել իր օրինակին: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում.
«Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինքը որքա՞ն գումար է պատրաստվում փոխանցել՝ գյուղացիներին օգնելու համար: Նա պատասխանեց. «Ես հորդորելու եմ իմ տղաներին, որպեսզի կամ լրիվ աշխատավարձը կամ աշխատավարձի մի մասը պարբերաբար այդ հաշվեհամարին փոխանցեն...»:
Ինքը՝ Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ իր ամբողջական աշխատավարձը փոխանցելու է: ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը չասաց, թե ինքը որքան գումար կփոխանցի, բայց հավաստիացրեց, որ առաջին մարդկանցից մեկը կլինի, որը գյուղացիներին կօգնի:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ թե գործադիրը, թե օրենսդիրը, թե քաղաքական համակարգում ընդգրկված մարդիկ, եթե հնարավորություն ունեն ինչ-որ մի տեսակի օգնություն ցուցաբերել գյուղացիներին՝ ցուցաբերելու են:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ «Այստեղ կարեւոր են ֆինանսական հնարավորությունները, բայց ավելի շատ կարեւոր է կամքը: Եթե իմ ֆինանսական կարողությունները մեծ լինեին, ես ոչ միայն աշխատավարձս, կարող է մի բան էլ ավելի տայի, բայց քանի որ ես գործարարությամբ չեմ զբաղվում եւ բազմաթիվ պատգամավորների նման ունեմ եկամուտի պրոֆեսիոնալ աղբյուր, դա դասավանդումն է համալսարանում, բնականաբար, ես ինքս իմ մասնակցութունը կունենամ, եւ իմ աշխատավարձի միայն որոշակի տոկոս կհատկացնեմ մեր սիրելի գյուղացիներին: Հարցման ընթացքում շատ պատգամավորներ միանգամից պնդում էին, որ բա ո՜նց, փոխանցելու ենք մեր աշխատավարձը, եւ ինչպես Էդուարդ Շարմազանովը նկատեց, եթե պատգամավորները այսպես ասած կողմնակի եկամուտ, բիզնես չունեն, ինչպե՞ս են պատրաստվում իրենց 1 ամսվա աշխատավարձը փոխանցել արմավիրցիներին, բա իրենց ընտանիքն ինչո՞վ են պահելու»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):