«Հրապարակ» թերթն անդրադարձել է մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված Լյուքս Ստեփանյանի թեմային: Զինվորի հարազատները, ՊՆ աշխատակիցների ուղեկցությամբ, այցելել են նրա ծառայության վայր` իրենց աչքով տեսնելու այն տեղը, որտեղ զոհվել է իրենց տղան:
Ինչպես ներկայացնում է թերթը, Լ.Ստեփանյանի հայրը` Աշխարհիկ Ստեփանյանը, որոշակի կասկածներ է ունեցել կապված այն հանգամանքի հետ, որ վիճաբանող զինվորների միջև հեռավորությունը եղել է 30 մետր: Նա չի կարողացել հավատալ, որ այդքան հեռու գտնվելով` Դ.Խաչատրյանը կարող էր մեկ կրակոցով երկու մարդու վիրավորել:
Թերթը, չհրապարակելով տեղեկատվության աղբյուրը, նշում է, որ զինվորների միջև հեռավորությունը եղել է 15 մետր:
Լ.Ստեփանյանը, ինչպես գրում է թերթը, վիրավորել է Դ.Խաչատրյանին` վերջինիս «պզուկոտ» լինելու համար: Դ.Խաչատրյանն իր հերթին սպառնացել է, թե հերթապահության ավարտից հետո կխոսեն, ինչին ի պատասխան` Լ.Ստեփանյանն ասել է. «Ի՞նչ պիտի անես կարո՞ղ է կրակելու ես, չկրակողի...»:
«Հենց այս արտահայտությունն է, մեր տեղեկություններով, հունից հանել ժամապահին: Կրակելու պահին Լ.Ստեփանյանը մեջքով է եղել: Հավանաբար նա իրոք չի սպասել, որ Դավիթը զենք կգործածի: Գնդակը մտել է ծոծրակից և դուրս եկել ճակատից, ապա դիպել է նաև շարքային Հրաչյա Սարգսյանի գլխին»,- գրում է թերթը:
Միաժամանակ թերթն անդրադարձել է նաև մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած դեպքերին` նշելով, որ այդ օրը զոհված զինծառայողի և զինվորականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ տուժել են ոչ միայն զոհվածի հարազատները, այլև` մի բարձրաստիճան զինվորական պաշտոնյա: