«Վարդաշեն» ՔԿՀ նախկին աշխատակից Սարգիս Այվազյանը վերադարձրել է տարիներ առաջ 10 տարվա անբասիր ծառայության համար ստացած կրծքանշանը: Այցելելով «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`նա կրծքանշանը հանձնել է թերթի խմբագրությանը`խնդրելով այն փոխանցել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Նման քայլի դիմելու պատճառն այն է, որ 2012թ. Սարգիսն աշխատանքից ազատվել է ՔԿՀ պետ Համլետ Խլդաթյանի պարտադրանքով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Խլդաթյանն էլ իր հերթին է հաստատել այս տեղեկությունը, որ ինքն է աշխատակցին ասել` «դիմում գրիր, գնա»: «Փաստորեն, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդուն կարող են 10 տարվա անբասիր ծառայության համար կրծքանշան տալ, այնուհետև ինչ-որ անձանց թելադրանքով ստիպել, որ նա աշխատանքից դուրս գա: Եվս մեկ ուշագրավ փաստ Ս. Այվազյանը դիմել է Սերժ Սարգսյանին, ԱՆ Հրայր Թովմասյանին, ՄԻՊ Կարեն Անդրեասյանին`ակնկալելով խնդրի արդար լուծում, սակայն մինչ օրս որևէ մեկը չի արձագանքել: Ահա թե ինչպիսի ապահով Հայաստան է կառուցում Ս. Սարգսյանը»,- գրել է «Ժողովուրդը» թերթը: