Արցախում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքներում և 280 ընտրական տեղամասերում (մեկը Երևանում է ` ԼՂՀ ներկայացուցչությունում) բացվել են ընտրական տեղամասերը:
Նշենք, որ անկախությունից ի վեր Արցախի 26 տարվա պատմության ընթացքում 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է և այն անցկացվում է ԼՂՀ օրենքի ու 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԼՂՀ նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա:
Փետրվարի 20-ի հանրաքվեին, վերջին տվյալներով, մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի, այսինքն՝ 711-ով ավելի, քան նախորդ` 2015թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սա նշանակում է, որ Սահմանադրության հանրաքվեի մասնակցելու հնարավորություն ունի Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսը: Հանրաքվեն անցկացվելու է հանրապետության ողջ տարածքում, որն ընդգրկում է 11 ընտրատարածք` յուրաքանչյուրում 8000-9000 ընտրողներով:
Մինչև քվեարկության և Արցախում լռության օրը գործել են Սահմանադրության նախագծի ընդունմանը կողմ և դեմ քարոզող 32 քարոզչական շտաբեր: Քարոզարշավի ընթացքում որևէ միջադեպ, առավել ևս` խախտում չի արձանագրվել:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները», «Կառավարման համակարգը», «Դատական իշխանությունը», «Տեղական ինքնակառավարումը» և «Հանրաքվեն»բաժիններից:
Կառավարման առաջարկվող համակարգի հիմնական դրույթներն են.
Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է:
Հանրապետության նախագահն ընտրվում է համընդհանուր, ուղղակի ընտրություններով: Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են նույն օրը:
Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը (գործող նախագահի լիազորությունների ավարտին մնացած ժամանակով) ստանձնում է Ազգային ժողովի նախագահը:
Հանրապետության նախագահն իրավունք ունի լուծարելու Ազգային ժողովը: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:
Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իրավունք ունի անվստահություն հայտնելու Հանրապետության նախագահին: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:
Հանրապետության նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել միայն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները:
Հանրապետության նախագահը նշանակում և ազատում է նախարարներին:
Հանրապետության նախագահն ունի օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է հաղթահարվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Ազգային ժողովն իրավունք ունի ձայների 2/3–ով, Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պաշտոնանկ անելու Հանրապետության նախագահին՝ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահ:
Երեկ` փետրվարի 19 –ին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում ԼՂՀ ՀԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը, միջազգային դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ մամուլի ասուլիսին ասել է, որ միջազգային դիտորդներից շատերն Արցախում ընթացող ընտրական պրոցեսներին մասնակցում են ոչ առաջին անգամ:
«Տարիների հետ միջազգային հետաքրքրվածությունը մեր երկրի հանդեպ ավելանում է: Օրինակ, 1991թ. անկախության հանրաքվեին մասնակցում էր ընդամենը 40 դիտորդ: Այսօր` Սահմանադրության հանրաքվեին հրավիրված են և մասնակցում են 30-ից ավելի երկրներից 104 միջազգային դիտորդներ, 103 տեղական դիտորդներ, ԶԼՄ-րի 80-ից ավելի ներկայացուցիչներ: Այս հանգամանքը մեզ համար և՛ ուրախալի է, և՛ միաժամանակ պարտավորեցնող»-նշել էր ԼՂՀ ԿԸՆ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
ԼՂՀ ՀԸՀ նախագահը, պատասխանելով դիտորդներին և լրագրողների հարցերին, թե որքանով է հնարավոր լինելու ապահովել Թալիշի բնակչության մասնակցությունը հանրաքվեին, ասել էր։ «Հանրաքվեի հանձնաժողովների թիվ 1 խնդիրը Թալիշի բնակչության մասնակցությունն ապահովելն է և նրանց հանրաքվեի իրավունքի իրացումը։ Թալիշ գյուղի բնակչության մեծ մասը ներկայումս գտնվում է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամասում, որտեղ էլ կկազմակերպվի նրանց քվեարկության գործընթացը։ Բացի այդ, Երևան քաղաքում՝ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում ևս կապահովվի Հայաստանի տարածքում գտնվող թալիշցիների մասնակցությունը հանրաքվեին»։