Նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածու, համամասնական ցուցակի 2-րդ համար Հրանտ Բագրատյանն ահազանգում է՝ խորհրդարանական առաջիկա ընտրություններից առաջ հեռախոս բաժանելու, մարդկանց մի քանի տեղ միաժամանակ գրանցելու փաստեր արդեն իսկ արձանագրվել են:
«Ուզում եմ զգուշացնել ՀՀԿ-ականներին, որ ունենք ահազանգեր՝ մարդկանց տարել են, ուրիշ տեղ էլ են գրանցել: Ասված է՝ կքվեարկես առավոտյան, հետո քեզ կտանենք ուրիշ տեղ: Մենք ունենք նման փաստ: Սա հրահանգ է, թե ոչ, չգիտեմ:
Մենք ունենք փաստեր, որ հեռախոս է բաժանվում, խոստումներ կան, որ հեռախոս են բաժանելու: Մեզ ասել են տեղում գյուղացիները: Հստակ է՝ մոտեցել են մարդուն, ասել են, որ էսքան փողը ձեզ չէր խանգարի»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հրանտ Բագրատյանը:
Միաժամանակ, պատգամավորը նկատեց, որ «ուզում են կաշառք վերցնեն, թող վերցնեն, բայց դրա վերջը լավ չի լինելու»: Ըստ նրա՝ ՀՀԿ-ից բացի նման գործողություններ է իրականացնում ևս մեկ ուժ, ում անունը պատգամավորը հրաժարվեց ներկայացնել:
«Անբիծ ընտրություններ չեն լինելու: Մարդկանց կաշառելու են: Բայց հրաման է լինելու, որ կաշառեն մարդկանց մինչև ընտրությունը, որ տեղամասում խախտումներ չլինեն: Բայց ժողովուրդ ջան, ես Քրիստոսը չեմ, ոչ ոք Քրիստոսը չի, բացի Քրիստոսից, ժողովուրդը պիտի կաշառք չվերցնի, բացատրեք սա, մենք ի՞նչ անենք, որ վերցնում են: Իրանում, Թուրքիայում, Վրաստանում ընտրությունները կաշառքով չեն, Ադրբեջանում էլ, մալադեց, էլ ընդhանրապես ընտրություններ չեն անցկացնում, չկա, ավելի լավ է ընտրություն չլինի, ում որ պետք է դնենք թագավոր, էլ ընտրություն չլինի»,- նշեց պատգամավորը: