Yelaket.am-ը գրում է.
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, անգամ բացահայտ հեղինակազրկվելուց հետո, չի ուզում հրաժեշտ տալ քաղաքական աշխարհին: Միհրան Պողոսյանը, կարելի է ասել, ՀՀ քաղաքական աշխարհի ամենաբացասական կերպարներից մեկն է: Եթե մյուս քաղաքական դեմքերի պարագայում քաղաքական կողոպուտն ու բիզնեսն իրականացվում է ոչ այդքան ակնհայտ եղանակով, ապա Միհրան Պողոսյանի դեպքում ամեն ինչ բացահայտ է:
Թվում էր, 2016թ.-ի ապրիլին օֆշորյան սկանդալից հետո նա ուղղակի լուռ կհեռանա՝ անցյալում թողնելով իր քաղաքական կարիերան, բայց իրականում նա ոչ միայն չհեռացավ, այլև որոշեց դառնալ պատգամավոր: Այժմ արդեն գրեթե հստակ է, որ նա մասնակցելու է 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին: Միհրան Պողոսյանը կառաջադրվի թիվ 1 ընտրատարածքից և պայքարի մեջ կմտնի Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանի, պատգամավոր Սամվել Ֆարմանյանի, ԵԿՄ վարչության փոխնախագահ, փոխգնդապետ Ղուկաս Ուլիխանյանի, Իշխան Զաքարյանի որդու՝ Վարդան Զաքարյանի հետ:
Օրերս «Հետք»-ի կողմից հրապարակված հոդվածից պարզ դարձավ նաև, որ իշխանությունները որոշել են նրան դուրս չթողնել խաղից և անգամ փորձում են կոծկել օֆշորային սկանդալը: Հոդվածում ասվում է, որ Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենը չի մերժել հայկական կողմին իրավական աջակցության հարցում: OCCRP-ի մեր գործընկերների հարցմանն ի պատասխան, Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի մամլո խոսնակ Ինգրիդ Ռյուսերը (Ingrid Ryser) հայտնել է, որ իրենք հայկական կողմի միջնորդությունը չեն բավարարել, քանզի այն չի համապատասխանել միջնորդության պահանջներին, այսինքն` պատշաճ կազմված չի եղել. «Հայկական իշխանությունները կարող են ցանկացած ժամանակ հստակեցնել միջնորդությունը»,- հայտնել է մամլո խոսնակը:
Կարող են, բայց ցանկություն չունեն...
Ավելին, ըստ «Փաստ» թերթի հրապարակման, Միհրան Պողոսյանն արդեն իսկ սկսել է նախընտրական գործընթացը: Նա սկսել է ընտրատարածքում շտաբներ ձևավորել ու այդ շտաբներում արդեն կազմակերպվում են հավաքներ, որոնց Միհրան Պողոսյանն անձամբ է մասնակցում: Քանաքեռ-Զեյթունում նա նախընտարական արշավը սկսել էր վաղուց, երբ «Երազ» թաղամասում բացվեց Ձմեռային այգին: Թաղամասի սեփականատերը Միհրան Պողոսյանի քեռորդին է՝ Վահան Հարությունյանը, ով նաև «Միկմետալի» սեփականատեր Միշա Հարությունյանի որդին է: Կառուցված Ձմեռային այգին Քեթրինի Միհրանի կողմից երևանցիների, մասնավորապես զեյթունցիների սիրտը շահելու միջոց է:
Օրերս «Հրապարակը» գրեց, որ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ընտանյոք հանդերձ արտագաղթել է ԱՄՆ: Ըստ ամենայնի, սա տեղի ունեցավ սկանդալային տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ բացահայտվում էին իր և իր ազգականների կողմից իրականացված անօրինական գործարքները:
Իսկ ինչո՞ւ ՀՀ քաղաքացիների բախտը չբերեց Միհրան Պողոսյանի հարցում: Ինչո՞ւ սկանդալային դեպքից հետո նա էլ չորոշեց արտագաղթել՝ հանգիստ թողնելով ՀՀ քաղաքացիներին:
Այս մի Չարի վերջը դեռ չի եկել... այսպես էլ է լինում: