«Հրապարակ» թերթը գրում է. «Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը, մնացածները չգիտեն՝ իրենք կա՞ն ցուցակում և որ հորիզոնականում են։ Սա շտաբի պետ Իշխան Զաքարյանի նոու-հաուն է, որը չի բացատրվել նրա կողմից։ Անգամ հումոր են անում, թե ԲՀԿ ակտիվը մինչև ընտրությունները կարող է նոսրանալ՝ ոմանք ինֆարկտ կստանան և կլքեն ցուցակը։

Ոմանք էլ տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը, անգամ դիմում են լրագրողների օգնությանը։ Բոլորն սպասում են փետրվարի 26-ին, երբ կլրանա թեկնածուների գրանցման ժամկետը, և ցուցակները պաշտոնապես կհրապարակվեն։

Մեզ հաջողվեց պարզել «Ծառուկյան դաշինքի» երկրորդ տասնյակը։ Պարզեցինք նաև Երևանի 4 ընտրատարածքների և մի քանի մարզերի ռեյտինգային թեկնածուների անունները։ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ տարածքում, որտեղ տիտանների կռիվ է սպասվում՝ Սամվել Ալեքսանյանը, նրա փեսա Կորյուն Նահապետյանը, պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, ՀԱԿ-ից Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, ՀՎԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ-ի ֆավորիտը Հարություն Ղարագյոզյանն է՝ Կարամելի Հարութը, Հակոբ Նազարյանը, ԲՀԿ Մալաթիայի կառույցի նախկին գեներալ Արսեն Ֆիդանյանը և այլք։ Ի դեպ, խոսվում էր, որ Նաիրա Զոհրաբյանն էլ է այս տարածքում առաջադրվելու, սակայն մեր աղբյուրները հայտնեցին, որ նրան Ծառուկյանը խնայել է՝ ռեյտինգայինով չի առաջադրվի։

Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք ընտրատարածքում էլ առաջադրել են նախկին սոցապնախարար Գևորգ Պետրոսյանին, որին Նաիրա Զոհրաբյանը հեռացրել էր ԲՀԿ-ից։ Կենտրոն համայնքում դաշինքի ֆավորիտները նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն ու ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանն են, կառաջադրվեն նաև պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, Ռաֆայել Այվազյանը, Սամվել Ալեքսանյանը («Լֆիկը չէ»,- կատակեց մեր աղբյուրը) և Վաչագան Գրիգորյանը։

Արաբկիրի նախկին ու ներկա պատգամավորներ Զոհրաբ Զոհրաբյանը, Վահան Կարապետյանը, Տիգրան Ուրիխանյանը, ոմն Արտավազդ Անդրեասյան էլ կառաջադրվեն Արաբկիր համայնքում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում