«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ»-ն երեկ ահազանգ էր ստացել, որ Երևան քաղաքի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որպեսզի վերջիններս մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում: Բանն այն է, որ Սեդա Հակոբյանը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն է, իսկ Արման Սահակյանը պատգամավորության թեկնածու է և ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում:
Ահազանգի իսկությունը ստուգելու համար, որպես Արման Սահակյանի շտաբի աշխատակից ներկայանալով, դիմեցինք մանկապարտեզի աշխատակիցներին, սակայն նրանք խուսափեցին տնօրենի հանձնարարականի վերաբերյալ որևէ բան ասել:
Միակ տարբերակը մնաց անձամբ Սեդա Հակոբյանի հետ խոսել նույն եղանակով: Թիվ 38 մանկապարտեզի տնօրենի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև:
Ալո, բարև ձեզ:
Բարև ձեզ:
Տիկին Հակոբյան դո՞ւք եք:
Այո:
Ներողություն, ինձ պարոն Սահակյանի շտաբից էին ասել գրանցումների հետ կապված: Հիմա մարդ կա, բայց Արաբկիրում ա գրանցվում, նորմա՞լ ա:
Հա:
Ոչ մի խնդիր չկա չէ՞, ինքը կկարողանա հանգիստ մասնակցի ընտրությանը, պրոբլեմ չի լինի չէ՞:
Եթե Արաբկիրում ա, չէ:
Իսկ ընդե մի հատ նուրբ բան կար, Ազատության պողոտայի ինչ–որ մի մասն Արաբկիր ա, մյուսը՝ Քանաքեռը, մյուս մասը չի լինի չէ՞:
Չէ, թող լինի, կասեք ում ընտրի, բայց Արաբկիր ա պետք:
Հասկացա:
Մենակ Արաբկիր հասցեն տաք մեզ: Ասեք, թե տվյալ հասցեում ով կա, որ մենք էլ տանք Արաբկիրում:
Պարտադիր պետք ա ասվի չէ՞ պարոն Սահակյանի մասով:
Հա, ըհն, իհարկե:
Նշենք, որ նման ահազանգերն առաջին անգամ չեն այս ընտրություններում: Մամուլում եղան հրապարակումներ, որ «ՍԱՍ գրուպ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը նույնպես իր աշխատակիցներին հրահանգում է գրանցվել Արաբկիր վարչական շրջանում, որպեսզի ապրիլի 2-ին ընտրությանը քվեարկեն իր օգտնին: Ի դեպ, Արման Սահակյանն ու Արտակ Սարգսյանը նույն ընտրատարածքում են նման մեթոդներով աշխատում:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ այսօր ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարեց, որ ոստիկանությունից ստացել է իր հարցման պատասխանը, որի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 10-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում 7 հազար ընտրող իր հաշվառման հասցեն փոխել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում