Հայաստանը Ռուսաստանի հետ երկխոսությունը կշարունակի սպառազինության ձեռքբերման հնարավորության շուրջ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի վերջին տարիների ռազմատեխնիկական պոտենցիալի դինամիկան, առաջընթացը խորը հարգանք են առաջացնում եւ այդ համագործակցությունը շարունակելու ցանկություն»:

«Մի շարք պայմանգրեր ժամկետից շուտ են կատարվել, եւ դա գոհացնող է: Մենք ռուսական կողմի հետ երկխոսությունը կշարունակենք ռուսական շուկայում սպառազինության ձեռքբերման շուրջ: Հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ի շրջանակում մենք այն ռուսական բանակի ներքին գներով ենք ձեռք բերում, եւ հաշվի առնելով արտոնյալ վարկերի առկայությունը՝ բնականաբար, նման համագործակցության պոտենցիալն աճում է: Մենք դրանում շահագրգռված ենք»,- հայտարարել է նախարարը: